Ինչու՞ Պուտինն այդպես դաժան վարվեց

Dec 07, 2018 Comments Off on Ինչու՞ Պուտինն այդպես դաժան վարվեց

ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», – ասել է Յ. Ուշակովը լրագրողներին: Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ինչ էր ասել այս հայտարարությունից ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա բավական ինքնավստահ տոնով հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ, քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը», – լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվան, ոչ ավել, ոչ պակաս Փաշինյանին «սուտ է հանել»: Ու այստեղ արդեն կարևոր էլ չէ, թե ո՞վ ավելի ճիշտ, կամ հնարավոր է, երկու կողմն էլ կիսաճշմարտություն է ասում:

Խնդիրն այն է, որ Մոսկվան հրապարակային «սուտ է հանում» Նիկոլ Փաշինյանին, այն էլ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից 3 օր առաջ: Ինչու՞…

Ըստ ամենայնի, Մոսկվան դեռ շարունակում է բոլոր հարմար առիթներն օգտագործել Փաշինյանին «տեղը դնելու» համար, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվան չի ներել Փաշինյանի կառավարության քայլը՝ ՀԱՊԿ-ի վարկանիշին ուղղված գործողությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ «Ազատությանը» փոխանցել է, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։ Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Վաղը Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը գործընկերների հետ կհանդիպի այլ ձևաչափում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում, բայց արդյոք նա Մոսկվայից կբերի՞ Պուտինի «դաբրոն»՝ ցույց տալու խորհրդարանական ընտրություններից 2-3 օր առաջ իր նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: