Ռուս-թուրքական սիրո նոր նրբերանգները

Aug 14, 2018 Comments Off on Ռուս-թուրքական սիրո նոր նրբերանգները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Անկարա, որտեղ այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ և ելույթ կունենա Թուրքիայի դեսպանների և միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նախարարներն ի թիվս այլ հարցերի կքննարկեն համագործակցությունը Սիրիայում և տնտեսական կապերի զարգացումը, ինչը հատուկ կարևորություն է ձեռք բերում Վաշինգտոնի և Անկարայի միջև բորբոքվող առևտրական պատերազմի ֆոնին: Նախատեսվում է նաև տարածաշրջանային խնդիրների քննարկում:

Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը, երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ մեր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Մեր քաղաքականությունը բաց է և թափանցիկ: Այն նպաստում է ընդհանուր շահերի պաշտպանությանը և երկու երկրների համար դրական արդյունքների ձեռքբերմանը: Այդ վստահելի քաղաքականության շրջանակներում մենք Ռուսաստանի հետ հանգիստ քննարկում ենք մեր տարաձայնությունները», նշել է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դեսպանների խորհրդաժողովում:

Լավրովի այցից առաջ Կրեմլը մեկնաբանեց Ռուսաստանի հետ ազգային արժույթով առևտուր անելու վերաբերյալ Անկարայի առաջարկը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերների հետ ազգային արժույթով առևտրին անցնելու Անկարայի պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությանը: «Փոխադարձ առևտրային գործառնություններում ազգային արժույթի օգտագործման թեման մի թեմա է, որը երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանը հետևողականորեն բարձրացնում է: Պուտինը բազմիցս խոսել է նման հնարավորության մասին, առավել ևս, նպատակահարմարության մասին »,- ասել է Կրեմլի մամլո քարտուղարը: Պեսկովը հավելել է, որ Թուրքիայի հետ ազգային արժույթով առևտրաշրջանառությանն անցնելը «այն է, ինչ մենք ձգտում ենք մեր երկկողմ հարաբերություններում»:

Այսպես, Մոսկվան՝ Անկարայի համար բարդ իրավիճակում արձանագրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հարցն ակտուալ է: Ավելին, Կրեմլի հաղորդմամբ՝ ռուսական կողմը վաղուց արդեն բարձրացրել է այս հարցը տարբեր մակարդակներում, այդ թվում նաև՝ բարձրագույն:

Նկատենք, որ չնայած Թուրքիայի Կենտրոնական բանկի ջանքերին՝ լիրան շարունակում է ընկնել: AP-ի տվյալներով՝ օգոստոսի 13-ին լիրան ընկել է ևս 7 տոկոսով, քանի որ թուրքական Կենտրոնական բանկի միջոցառումները չի հաջողվել վերականգնել ներդրողների վստահությունը: Անորոշությունը ցնցել է համաշխարհային ֆոնդային շուկաները և զարգացող տնտեսություններով այլ երկրների արժույթների կտրուկ անկում է առաջացրել, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը, մտավախությունների ֆոնին, որ ֆինանսական խնդիրները կարող են տարածվել:

«Թուրքիան բախվել է տնտեսական պաշարման հետ»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «մեջքից հարված են հասցրել» երկրին՝ չնայած, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Նա նաև բացառել է տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել տնտեսական աճը: Սակայն անկախ վերլուծաբաններն նշում են, որ արտարժույթի կայունացման համար շտապ ավելի բարձր տոկոսադրույքներ են անհրաժեշտ, և Էրդողանի կոշտ գիծը պատճառներից մեկն է, որը մտահոգում է ներդրողներին:

Հավելենք, որ տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է մոտ 50 տոկոսով, սակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի և Վաշինգթոնի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության և ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է և պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգտոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրեց 20 և 50 տոկոսով:

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայրաքը, որը Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ օգոստոսի 13-ից ուժի մեջ է մտնում թուրքական լիրայի փրկության գործողությունների ծրագիրը, որը ռեկորդային անում է ապրում Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Ոչ ոք շահագրգռված չէ Թուրքիայի ապակայունացմամբ, վստահեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիայի տնտեսությունը զարգանա, ոչ ոք ապակայունացմամբ շահագրգռված չէ, ասել նա միաժամանակ հավելելով, որ Անկարան պետք է ապահովի իր Կենտրոնական բանկի անկախությունը:

Այսպես, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նոր միտումներ են ի հայտ գալիս՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի տնտեսական անկման ֆոնին:

Սպասենք ռուս-թուրքական սիրո հետևանքով՝ նոր զարգացումների…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: