Պարզ է, թե ում վրա կարող է ճնշում գործադրել Քոչարյանը

Aug 09, 2018 Չի մեկնաբանվել

Դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ԱԺ պատգամավորների  միջնորդությունը: Դատախազությունը գտնում է, որ «նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմքերը, և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Գլխավոր դատախազության բերած պատճառաբանություններն, ըստ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովի, անհասկանալի են: Նա կատարվածը որակել է «հստակ քաղաքական պատվեր է՝ անձնական հաշիվների մաքրում»։ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա «խայտառակություն» է որակել փաստը, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ազատ արձակելու համար մի քանի պատգամավորների միջնորդությունը բավարարվել է, իսկ  Քոչարյանի համար 45 պատգամավորների երաշխավորությունը բավարար հիմք չի համարվել.«Այսինքն, ինչ, ստացվում է՝ նրանք, ովքեր որ ահաբեկչություն են իրականացնում, վտանգ չեն ներկայացնում, սպանում են ոստիկանի, և այդ խմբի անդամները վտանգ չեն ներկայացնում, իսկ երկրորդ նախագահը, որը ինքը կամավոր ներկայացել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն, եկել էր արտերկրից, վտանգ է ներկայացնո՞ւմ, երբ 45 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահ և երկու փոխնախագահներ են ստորագրո՞ւմ, ինչ է որ էնտեղ «Ելք»-ից և «Ծառուկյան» դաշինքից ստորագրություններ չկան՝ դրա համա՞ր», – ասել է Շարմազանովը և հավելել, որ եթե Քոչարյանը փախնող լիներ, ուղղակի չէր ներկայանա:

Օգոստոսի 9-ին վերքաննիչ դատարանը պետք է քննի Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կալանքը փոխելու վերաբերյալ: Եթե դարձյալ որևէ քայլ չարվի, ապա, ըստ Շարմազանովի, իրենք կորոշեն իրենց անելիքները: Թե որոնք են լինելու այդ անելիքները, դեռ հստակ չէ, բայց ՀՀԿ-ն չէր թաքցրել, որ ի պաշտպանություն երկրորդ նախագահի, կարող են օգտագործվել նաև խորհրդանական դիվանագիտության խողովակները: Երկրորդ նախագահի շուրջ տեղի ունոցող զարգացումներն, իսկապես ուշագրավ ընթացք են ստանում: Նա կալանքի տակ է, մինչդեռ նույն մեղադրանքով Խաչատուրովը ազատության մեջ է՝ ընդամնեը 5 մլն դրամ գրավի դիմաց: Ստացվում է, որ  Հայաստանի 45 և Արցախի մեկ տասնյակից ավելի պատգամավորների ստորագրությունը 5 մլն չարժի:

Այն պնդմանը, թե ազատության մեջ նա կարող է ճնշումներ գործադրել Մարտի 1-ի գործի դատավարության մասնակիցների վրա, անմեղության կանխավարկածի խախտում է: Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ նման վտանգ իրականում կա, նախ թող ապահովի բոլոր մասնակիցների անվտանգությունը: Երկրորդ՝ ո՞վ է ասել, որ նման բան կարող է անել միայն Քոչարյանը: Եթե հավատանք նոր Հայաստանի իշխանմություններին, ապա այլևս որևէ մեկը չի կարող ճնշել դատական համակարգին: Այդ ժամանակները պետք է, որ անցած լիննեն: Համենայն դեպս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս  է հայտարարել այդ մասին:

Դատախազությունը չի մանրամասնում, թե ազատության մեջ լինելու պարագայում, ում վրա և ինչպես կարող է ճնշում գործադրել  Քոչարյանը: Այնուամենայնիվ, եթե տեսականորեն հնարավոր է, որ Քոչարյանը կարող է որևէ մեկի, հատկապես արդարադատության համակարգի վրա ճնշում գործադրել, ապա ի՞նչ երաշխիք, որ նույն բանը չեն կարող անել իշխանություններն ու կառավարությունը:

Մյուս կողմից էլ՝ հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի դատավորների և քննիչների բացարձակ մեծամասնությունը համակարգում հայտնվել են կամ Ռոբերտ Քոչարյանի  կամ Սերժ Սարգսյանի բարեհաճությամբ: Եվ այժմ, երբ դատախազությունը խոսում է հնարավոր  ճնշումների մասին, թերևս նկատի ունի առաջին հերթին գործով զբաղվող դատավորներին և քննիչներին, ովքեր ժամանակին պաշտոն են ստացել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շնորհիվ, իսկ այսօր իրենք իրենց չխնայելով, հավատարմություն են ուզում ցույց տալ Նիկոլ Փաշինյանին:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պարզ է, թե ում վրա կարող է ճնշում գործադրել Քոչարյանը”

Մեկնաբանել