2–րդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազ. դրամի փոխարեն 150 հազ. դրա՞մ

May 21, 2018 Comments Off on 2–րդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազ. դրամի փոխարեն 150 հազ. դրա՞մ

Կառավարության քննարկման է պատրաստվում փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ», – գրել է Թանդիլյանը Facebook–յան իր էջում։

Այդ կապակցությամբ, նախարարը կառավարության քննարկման է պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ:

«Առկա նպաստների չափերը իհարկե հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնավորինս փոքր փոփոխություններ:
Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ», – նշել է Թանդիլյանն ու ավելացրել, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:

«Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը», – եզրափակել է նախարարը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: