ՀՅԴ-ը և ՀՀԿ-ը առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին

Feb 22, 2018 Comments Off on ՀՅԴ-ը և ՀՀԿ-ը առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը, նշված խմբակցություններն առաջադրել են հետևյալ թեկնածուներին՝

Առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան,

Երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան,

Երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան,

Չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան,

Հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:

Բարձագույն խորհրդի կազմումը նոր Սահմանադրության պահանջն է: Ըստ Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5 ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն 10 տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:

Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Իսկ մյուս 5 անդամներին ընտրում է ՀՀ Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Ըստ Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: