Ականապատված դաշտը մեծանում է

Dec 19, 2017 Comments Off on Ականապատված դաշտը մեծանում է

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանն այսօր հացադուլ են հայտարարել՝ պահանջելով պահպանել ուսանողներին տրամադրվող ակադեմիական տարկետման իրավունքը: «Զինապարտության մասին» նոր օրենքով դա էապես սահմանափակվում է: Ուսնողներն այդ օրենքի դեմ պայքարի շրջանակներում սկզբում դասադուլ հայտարարեցին, հետո հացադուլ, բայց որոշ ժամանակ անց հրաժարվեցին այդ ծարհահեղ քայլից եւ գնացին իշխանությունների հետ բանակցելու ճանապարհով: Քննարկումներն անարդյունավետ համարելով՝ ուսանողները նորից հացադուլ են սկսել: Թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊ դասախոս Նարինե Դիլբարյանի հետ։

Տիկին Դիլբարյան, ուսանողները վերսկսել են պայքարը, ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ եւ որոնք պետք է լինեն իշխանության գործողությունները։

-Ես կարծում եմ՝ ուսանողների այս քայլը տրամաբանված է, որովհետեւ զարգացած գործընթաց էր, օրենքի ընդունումից հետո կլոր սեղան տեղի ունեցավ, որը լուսաբանվեց, առաջարկությունների փաթեթ ներկայացվեց, ընդ որում իշխանության ներկայացուցիչների կողմից՝ եւ գործադիր, եւ օրենսդիր չասվեց, թե որոնք էին այդ առաջարկներից ընդունելի, այսինքն համապատասխան գնահատական պետք է տրվեր, բայց չեղավ։ Հավանաբար իշխանությունները որոշեցին մանկական խաղ խաղալ, կգնան, կթաքնվեն, ամեն ինչ կանցնի, կամ կմոլորեցնեն, մարդկանց սին պատրանքներով ու հույսերով երկար ժամանակ կպահեն, հետո կիրականացնեն այն, ինչ իրենք որոշել են։ Ճիշտն ասած դա ժողովրդավարական եւ այն էլ այսպիսի մարտահրավերների առջեւ կանգնած պետությանը, ինչպիսին Հայաստանն է, հարիր չէ։ Ես կարծում եմ որեւէ մեկը թերեւս չի կասկածում, որ ուսանողները կամ ուսանող դառնալ պատրաստվող երիտասարդությունն է մեր երկրի ապագան եւ նրանց հետ այսպես վերաբերվել չի կարելի։

-Դուք տեղյակ եք ուսանողների դիրքորոշումներին, նրանք հնարավոր է նորից հավատան իշխանության խոստումներին եւ զիջեն ինչ-որ պահի։

-Ուսանողների մի էական հատված չի տեսել համապատասխան քայլ այդ կլոր սեղանից հետո, այսինքն դրանից հետո տարօրինակ լռություն է տիրել, նրանք ասացին ՝ սպասեք, սպասեք եւ ամեն ինչ գրվեց սառույցի վրա, բայց արեւը դուրս է գալիս, սառույցն արագ հալչում է։ Ուսանողներից շատերը նշում են, որ իրենք հետեւողական են լինելու, թե այդ հետեւողականությունը ուր կհասցնի, չեմ կարող ասել։ Իհարկե, ես որպես քաղաքացի, մայր շատ անհանգստանում եմ մեր երիտասարդների համար, որովհետեւ գիտեք, որ հացադուլը շատ ծայրահեղ քայլ է, ես եւ դասախոս, եւ մայր սարսափելի ծանր եմ տանում, իսկ մեղքի բաժինը, իհարկե, ընկնում է իշխանությունների վրա, որը ոչ մի կերպ չի ցանկանում ուսանողության հետ մտնել կառուցողական եւ տրամաբանական երկխոսության մեջ, ինչու ոչինչ չվերլուծվեց, ինչու ենթադրենք չասվեց, որ այս պահին անհնար է դրանք իրագործելու համար։ Ախր, դա էլ չեղավ չէ՞, կարելի էր մարդկանց հավաքել եւ ասել, որ ինչ-ինչ պատճառներով դրանք իրագործելի չեն, ստացվեց, որ ուսանողները մենախոսություն ունեցան։

-Այս իշխանություններին իմանալով՝ դուք ակնկալում եք ադեկվատ արձագանք ուսանողների ծայրահեղ քայլին։

-Այո, ծանոթ լինելով, այդուհանդերձ ես ակնկալում եմ, որ կարձագանքեն։ Թող հաշվի առնեն, որ մեր երկրին պետական կառուցվածքի առումով փոփոխություններ են սպասվում եւ ընդհանրապես տեսեք, թե ինչքան է մեծանում անկայունությունների դաշտը։ Մենք երիտասարդությանը հանում ենք այս պետության դեմ, որովհետեւ չենք ուզում գոնե նրանց առաջարկներից մեկ երկուսն ընդունել։ Հիմա գիտության եւ կրթության ֆինանսավորումն այնպես է կրճատվել, որ ուսուցիչների աշխատավարձերն են պատրաստվում կրճատել, սեպտեմբերից արդեն դասախոսների աշխատավարձն է կրճատվել, մեր կենսաթոշակառուների թոշակը քանի տարի չի բարձրանում։ Այդքան լարվածության կենտրոններով ի՞նչ պետք է անի նոր վարչապետը, նոր կառուցվածքի դեպքում ՝ երկրի ղեկավարը, ինչքան կարելի է հույս ունենալ, որ հասարակությունը կարող է լռի ու կուլ տա։

Ամեն բաժակ, ի վերջո, կարող է լցվել։ Եւ ուրեմն ինչու ստեղծել ապակայունացման վտանգավոր կետեր, այն դեպքում, երբ արտաքին վտանգավոր կետերը ահավոր ազդեցիկ են։ Այս առումով ես հույս ունեմ, որ նման ահազանգերը կարող են տեղ հասնել։ Ես ուզում եմ մտածել, որ պաշտպանության նախարարը, որը ուսանողական հարուստ անցյալ է ունեցել եւ պետությունը նրան տվել է բոլոր հնարավորությունները կրթվելու եւ զարգանալու, կփորձի երկխոսության մեջ մտնել, որովհետեւ այսպես ականապատված դաշտը մեծանում է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: