Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի հակաարևմտյան դոզան

Nov 22, 2017 Comments Off on Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի հակաարևմտյան դոզան

Էրդողանը հեգնում է ԱՄՆ-ին ու սպառնում ՆԱՏՕ-ին

Անցած մի քանի օրերը խիստ ուշագրավ ու բուռն իրադարձություններ էին Թուրքիայի շուրջ. ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև նոր սկանդալ հասունացավ:

Պաշտոնական Անկարան անակնկալ կերպով ետ կանչեց իր զինվորներին Նորվեգիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններից, նախագահ էրդողանի խոսքով՝ այնտեղ տեղի ունեցած սկանդալային մի միջադեպի պատճառով: էրդողանի պնդմամբ, մասնավորապես, դաշինքը վարժանքներից առաջ զինվորների ենթադրյալ թշնամիների պատկերներով պաստառներ է պատրաստել, որոնցում հայտնվել են նաև իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի մեծադիր լուսանկարները:

«Նրանք թշնամիների նկարներով ստենդներ են դրել, որոնց վրա պատկերված են Աթաթուրքն ու ես: Ինձ այդ մասին տեղեկացրեցին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիկը: Նրանք ասացին, որ ուզում են դուրս բերել մեր զինվորներին Նորվեգիայից: Ես ասացի՝ անմիջապես, առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու, ետ կանչեք նրանց: Սա դաշնակցային վերաբերմունք չէ, այսպիսի դաշինք չի կարող լինել»,- վրդովված ասել է էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդների հետ հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը ժամեր անց պաշտոնապես ներողություն խնդրեց միջադեպի համար: «Դա մեկ մարդու անձնական որոշման արդյունք էր, և չի արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետը», ասել է Ստոլտենբերգը՝ պնդելով, թե կատարվածի շուրջ քննություն է ընթանում՝ մեղավորներին պարզելու համար: Ռազմական դաշինքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն անմիջապես հանել է «ենթադրյալ թշնամիների» ցանկից, ինչը սակայն, չի ազդել թուրքական կողմի դիրքորոշման վրա: «Միևնույն է՝ մենք չենք մասնակցի այդ վարժանքներին», նշեց Էրդողանը:

Վերջինս, ի դեպ, իր կուսակիցների հետ հանդիպմանը հյուսիատլանտյան դաշինքից բացի նաև ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին է խիստ քննադատության ենթարկել: «Ամերիկացիների խոսքը գործին չի համապատասխանում»- ասել է Էրդողանը, հավելելով՝ թեև Վաշինգտոնում վարչակազմ է փոխվել, սակայն Թրամփի օրոք էլ Անկարային մտահոգող հարցերը չեն լուծվել: «ԱՄՆ-ը մեզ շատ է հիասթափեցրել: Նրանք այդպես էլ չկատարեցին սիրիական ճգնաժամի մեկնարկից հետո Թուրքիային տված խոստումները: Ինչպես Բարաք Օբամայի օրոք, այնպես էլ հիմա ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդերին, ինչն անընդունելի է մեզ համար»,- բողոքել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Անկարան ահաբեկիչներ է համարում Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հռչակած քուրդ զինյալներին, պնդելով, թե նրանց դեմ պետք է կատաղի պայքար մղել: ԱՄՆ-ը, մինչդեռ, ոչ միայն անտեսում է թուրքական կողմի այս հորդորները, այլև արդեն քանի տարի է՝ զենք-զինամթերք է տրամադրում քրդական ջոկատներին՝ համագործակցելով նրանց հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ավելի վաղ թուրք պաշտոնյաները խոստովանել էին՝ Վաշինգտոնը խոստացել էր, թե որոշակի խնդիրներ լուծելուց հետո քրդերն ի վերջո ետ են քաշվելու, մինչդեռ իրականում նրանք ավելի ու ավելի են ամրապնդվում Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում:

Քրդերի անցանկալի առաջխաղացումը կասեցնելու համար անցած ամիս թուրքական զինուժը մտավ Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Էրդողանը պաշտոնապես տեղեկացրել է՝ պատրաստվում են «ազատագրել» նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրական Աֆրին շրջանը: «Աֆրինը պետք է մաքրվի ջիհադիստներից, հակառակ դեպքում այնտեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ի հայտ կգան: Մենք արդեն տեսել ենք այս սցենարը և չենք ուզում, որ դա կրկնվի: Խնդիրը, որը մենք կարող ենք հեշտությամբ լուծել որպես դաշնակիցներ, մտել է փակուղի՝ ամերիկացիների համառության պատճառով»,- նաև ասել է Էրդողանը:

Ավելին, Թուրքիայի ղեկավարը նաև հեգնանքով է խոսել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին՝ վերստին պնդելով, թե ամերիկացիներն իրականում աջակցում են ահաբեկիչներին: «Ձեր այդ պայքարը միայն թերթերի վերնագրերում է, իրականում դուք հսկայական գումարներ եք տրամադրում «Իսլամական պետությանը»,- դիմելով Վաշինգտոնին՝ հայտարարել է Էրդողանը: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից ընդամենը մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահը մեկնելու է Սոչի, որտեղ Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ քննարկելու է սիրիական ճգնաժամը:

Ինչևէ, Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներողությունը բավարար չէ Աթաթյուրքի դիմանկարի հետ կապված դեպքից հետո: «Երեկ դուք տեսաք անհարգալից վերաբերմունք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ։ Կան սխալներ, որոնք արվում են ոչ հիմար, բայց անպարկեշտ մարդկանց կողմից»,-ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նշել է, որ այդպիսի թեման «չի կարող փակվել սովորական ներողությամբ»: Նշենք նաև, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հատուկ հետաքննություն կսկսի Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրված աղմկահարույց պաստառի հետ կապված մանրամասները:

«Գնել ենք C-400-ն ու վերջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին, նա նշել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է: Էրդողանը նշել է, որ թեման իրենց համար փակված է. «Մենք գնել ենք C-400, այս գործը փակված է»:

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելն ասել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա:

Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի, այս մասին նշել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը: Ըստ ամերիկացի փոխնախարարի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման գործարքը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության վրա: Գրանտը նաև նշել է, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, որոնք նախատեսված է իրականացնել 2018-ին: Կայքը մանրամասնում է, որ մտավախություն ունեն, թե Թուրքիան կարող է C-400 համակարգերը միաժամանակ օգտագործել ամերիկյան F-35 կործանիչների հետ, ինչն էլ թույլ կտա ռուսական կողմին տեղեկություններ կորզել ամերիկյան կործանիչների մասին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: