ՀՀԿ-ականները իրար դեմ են դուրս եկել՝ իշխանությունը թանկ բան է, բայց սկզբունքներն ավելի թանկ են

Nov 05, 2017 Comments Off on ՀՀԿ-ականները իրար դեմ են դուրս եկել՝ իշխանությունը թանկ բան է, բայց սկզբունքներն ավելի թանկ են

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունները Հայաստանի բազում համայնքներում կայանալու են առանց ընդդիմադիրների։ Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիրների մեծ մասը հերթական անգամ հիասթափվեց ընտրական գործընթացից եւ այսօրվա ընտրություններին ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազում համայնքներում պայքարն ընթանալու է հենց Հանրապետականների միջեւ։ Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 16 համայնք է միավորվել, այստեղ առավել քան թեժ պայքար է սպասվում, ՀՀԿ-ն առաջադրել է Շատինի ՀՀԿ-ական գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են նաեւ երկու ՀՀԿ-ականներ՝ Քարագլուխի գյուղապետ Արթուր Ստեփանյանն ու Մամիկոն Ռազմիկի Սմբատյանը:

Վերջինս Շատինի նախկին գյուղապետն է եւ ինչպես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ առաջադրվել է, որպեսզի իրենից մի քանի ձայն խլի․«Ինքն առաջադրվել է, բայց ասում է, որ Ստեփանյան Արթուրին կընտրեք, ինձ ձայն չտաք, ես հաստատ չեմ տուժի իր առաջադրումից, ինքը բարոյական առումով վնաս կկրի»,- ասաց Խուդոյանը։

Նրանց պայքարը պարզվում է՝ ավելի խորը հիմքեր ունի։ Խուդոյանը պատմեց, որ Շատինի նախկին հիվանդանոցի պարապուրդի մատնված շինության վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույր՝ բժշկուհի Զոյան, որը շատինցի է, սակայն Խուդոյանը դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրությամբ դիմել է կառավարությանը՝ խնդրելով այդ տարածքը տրամադրել իրեն բացառապես կրթական հաստատության ծառայեցնելու նպատակով։ Հիմա այդ շինության տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, Խուդոյանը մանկապարտեզ է կառուցում․«Ստեփանյան Արթուրի քենին ասում էր, որ այդ շենքն իրեն պետք է տան, հենց այդտեղից է սկսվել մեր հակադրությունը։ Իրենք դեմ են այն սերնդին, որը մեծանում է շատին համայնքում, այն սերնդին, որին ուզում եմ կրթված տեսնել։ Ու իրենք խոսում են դպրոցաշինությունի՞ց»։

Խուդոյանը նկատեց, որ իր մրցակիցը հավանաբար չի ծանոթ չէ իր նախընտրական «բուկլետին», որում գրել է, թե դպրոցներ ու մանկապարտեզներ է կառուցելու ընտրվելու դեպքում։ «Արթուր Ստեփանյանը խոստանում է, որ դպրոցներ է սարքելու,մանկապարտեզներ է սարքելու,բա դպրոց եմ սարքում, դրա՞ համար եք հակադրվում ինձ», հռետորական հարց է հնչեցնում մեր զրուցակիցը շարունակելով․« Խուդոյանը չի ասում, որ սարքելու է, ես կրթության բնագավառի աշխատող եմ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու եմ, դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում եւ շատ լավ գիտեմ կրթության մեջ առկա խնդիրներ։ Ես ոչ թե ասում եմ դպրոց եմ սարքելու, այլ ասում եմ՝ պետք է հասկանալ կրթության ոլորտում առկա խնդիրները, թե չէ շենքը ինչքան էլ գեղեցիկ լինի, եթե կրթությունը որակ չունի, իմաստ չունի, իհարկե, ընդունում եմ, որ 21-րդ դարում պետք է լավ պայմաններում մարդը կրթություն ստանա», – հակադարձում է Խուդոյանը։

Փոխարենը նա իր ծրագիրը բնորոշեց որպես «մտածված, ժողովրդի հոգսերին լուծում տրվող ծրագիր»։ Մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության մեջ առարկա եմ դասավանդում եւ կարող եմ ասել, որ կառավարության կողմից դրված խնդիրն ինքնանպատակ չէ, սա այդ առարկային վերաբերող խնդիր է, օպտիմիզացիայի խնդիր, այսինքն մինիմալ ծախսերով, մաքսիմալ արդյունքի հասնել։ Սակայն ի վերջո , մարդը՝ կառավարիչն է որեւէ համակարգի, կառավարման մեթոդի կիրառման գրավականը․«Այո, ընդունում եմ, որ խոշորավումը կարող է խնդիրներ առաջացնել, բայց ընդունում եմ նաեւ, որ կարող է խնդիրներ լուծել»։

Արթուր Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մեծամեծ խոստումներ չի տալիս, ինչպես Խուդյանը․«Ես խոստացել եմ այն խոստումները, որոնք ընտրվելուց անմիջապես հետո ի վիճակի կլինեմ կատարել, ես չեմ խոստացել էսօր, որ եթե վաղը ընտրվեմ համայնքի ղեկավար, ասֆալտապատելու եմ, 150 մլն ներդրում եմ անելու եւ այլն, ես նման ուծացած խոստումներ չեմ տվել, իմ հակառակորդ Խուդոյանն է խոստանում՝ սա կանեմ, նա կանեմ», – ասաց Արթուր Ստեփանյանը։

Թե ինչու նա չդարձավ ՀՀԿ-ի թեկնածուն, Ստեփանյանը չկարողացավ պատասխանել։ Ի տարբերություն Խուդոյանի Քարագլուխ գյուղի համայնքի ղեկավարի համար խոշորացման գործընթացի լուրջ խնդիր է․«Ոչ մեկն էլ կողմ չէր, որ այդ խոշորացումը լիներ, այսօր ցանկացած համայնքի ղեկավար մինչեւ 60 տոկոսով կարողանում է իր համայնքի խնդիրներին լուծում տալ, խոշորացված համայնքի դեպքում ոնց է կազմակերպվելու այդ լուծումը, իսկ մենք գիտենք, որ բոլոր գյուղերում բազում խնդիրներ կան ու հարկավոր է անմիջական շփում ժողովրդի հետ»։ Ստեփանյանի համար օրինակ անհասկանալի է՝ ինչպես է լուծվելու տրակտորային պարկի հարցը․«Խոշորացված համայնքում տրակտորային պարկ պետք է ունենանք, ենթադրենք խոշորացված համայնը ունենալու է 130 մլն դրամ բյուջե, բայց աշխատողներ են պետք, հանդամիջյան ճանապարհ եւ այլն, մի խոսքով՝ չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու»։

Ի դեպ, Շատինի գյուղապետ Խուդոյանին հարցրեցինք՝ ով է մեղավորը, որ Հայաստանում այսօր ընտրությունները դարձել են ՀՀԿ-ականների պայքար, վերջինը պատասխանեց․«Կուսակցություններ են մտնում մարդիկ, որոնք սկզբունքներ չունեն։ Կուսակցություններն ունեն գաղափարախոսություն, դա նշանակում է, որ ինքը մտել է կուսակցություն անձնական շահի համար։ Ես մտածում եմ այսպես, եթե ՀՀԿ-ն այլ թեկնածու առաջադրեր իմ փոխարեն, ես լինելով ՀՀԿ անդամ, ինչ որ տեղ պարտավոր էի աջակցել։ Կամ պիտի դուրս գայի, կամ ․․․Այո, իշխանությունը թանկ բան է, բայց սկզբունքներն ավելի թանկ են»,- ասաց Շատինի համայնքապետը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: