ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Յուջին Վինդմանը նախագահ Դոնալդ Թրամփին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին մեղադրել է Իրանի դեմ առանց ավարտի հստակ ծրագրի պատերազմ սկսելու համար՝ ընդգծելով, որ նրանք քաջ գիտակցել են հնարավոր հետևանքները։ Այս մասին կոնգրեսականը գրել է X սոցիալական ցանցում։
Վինդմանի խոսքով՝ Հեգսեթն անձամբ է իրեն հայտնել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվել է Իրանի հետ պատերազմի դեպքում իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին։
«Թրամփն ու Հեգսեթը հստակ գիտեին, թե ինչ կարող է տեղի ունենալ, և, միևնույն է, ընտրեցին այդ ճանապարհը»,— նշել է կոնգրեսականը։
Նա նաև ընդգծել է, որ ամերիկացի զինծառայողները շարունակում են հատուցել նրանց ռազմական գործողություն սկսելու որոշման համար։
«Ութ ամիս անց մեր զորքերը դեռ վճարում են այն պատերազմի գինը, որը նրանք որոշեցին սկսել՝ չունենալով դրա ավարտի ծրագիրը»,— գրել է Վինդմանը։
Կոնգրեսականը մանրամասնել է, որ պատերազմի հնարավոր հետևանքներին պատրաստվելու մասին Հեգսեթն իրեն պատմել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ըստ Վինդմանի՝ նախարարն այն ժամանակ հաստատել էր, որ նախագահին ամբողջությամբ տեղեկացրել է հակամարտության հետ կապված ռիսկերի մասին։
