«Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանքներ առաջադրվեցին` «Հոկտեմբեր» կինոթատրոնի, ինչպես նաև այլ հողատարածքների օտարման հետ կապված։ Խոսքը վերաբերում է դեռևս 2003 թվականին Վարդան Ղուկասյանի նախկին պաշտոնավարման տարիներին ավագանու որոշմամբ օտարված գույքերին, օրինակ կինոթատրոնը վաճառվել էր ընդամենը 25 միլիոն դրամով, ինչը, ըստ կադաստրային արժեքի, բավականին քիչ է եղել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ այս գործի վաղեմության ժամկետն արդեն վաղուց անցել է, քանի որ այն ավելի քան 20 տարվա վաղեմության գործ է։ Ըստ նրա՝ գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու։
Այն հարցին, թե այդ դեպքում ինչ իմաստ ուներ նոր աղմուկ բարձրացնելն ու Վարդան Ղուկասյանի դեմ հերթական քրեական գործը հարուցելը, փաստաբանը նշեց, որ իրավապահ համակարգն ըստ օրենքի ուներ դրա իրավունքը, սակայն հետագա քայլերի մասով այլ տարբերակ պարզապես չկա, քան գործի քննությունը կասեցնելը կամ դադարեցնելը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Վարդան Ղուկասյանն այս առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնել, հրաժարվել է ցուցմունք տալուց և պահանջել է գործի վաղեմության ժամկետից ելնելով դադարեցնել քննությունը։
Ճշտող հարցին, թե կա՞ն արդյոք այլ մեղադրյալներ ևս այս գործով, Արամայիս Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում։
