Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայրապետական մաղթերգով։ Ապա ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին՝ նշելով, որ երիտասարդները Սուրբ Հարության տոնի խորհրդով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Քահանա հայրերի անունից ողջույնի և երախտիքի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը (Շիրակի թեմ)։ Իր խոսքում Տեր Հայրն ընդգծեց, որ երիտասարդների ցանկությանն ընդառաջ՝ Երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերը կազմակերպել են այս ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ՝ իրենց ուխտը նորոգելու, հավատքի մեջ զորանալու և Սուրբ Էջմիածնի օրհնությամբ շարունակելու իրենց կյանքը իբրև Մայր Եկեղեցու հավատարիմ զավակներ:

Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Շիրակ թեմից՝ երեցկին Գոհարիկ Գալտագազյանը, Արագածոտնի թեմից՝ Նաիրա Դավթյանը, Սյունյաց թեմից՝ Մարիա Աթանեսյանը, Մասյացոտնի թեմից՝ Մանե Մնացականյանը և Գուգարաց թեմից՝ Սարգիս Գալստյանը։

Ապա ներկաներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Սիրելի զավակներ Մեր,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Ուրախ է Մեր հոգին, որ Զատկական այս հոգենորոգ օրերին դուք համախմբվել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ դրսևորելով ձեր որդիական սերն ու նվիրումը առ Հայոց Եկեղեցին։

Առաքելական ժամանակներից ի վեր մեր Սուրբ Եկեղեցին լուսավոր փարոս է մեր ժողովրդի կյանքում՝ իր զավակներին հաստատելով հավատի և հույսի մեջ և առաջնորդելով դեպի Աստված, դեպի բարին ու ճշմարիտը։ Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն և զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով։ Ով ցանկանում է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն։ Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու և արարելու ձգտումներին և խաղաղության ու արդարության իղձերին։ Մեր Եկեղեցին զորություն է պարգևել ազգ ու հայրենիք սիրելու և հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել ու հարստացրել է մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը։ Տերունավանդ քրիստոնեական արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին և թե՛ փորձությունների ժամանակ։

Իր այս առաքելության ճանապարհին Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առջև հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ ու դժվարություններ։ Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ։ Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։

Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։ Այսօր էլ Հայ Եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները։

Սիրելիներ, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում կարևոր առաջնահերթություններից է ձեր՝ երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը եկեղեցական կյանքում։ Այս նպատակով մեր եկեղեցիների շուրջ ստեղծված երիտասարդական միությունները հետևողականորեն իրականացնում են տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել և խորացնել նոր սերնդի կապը մեր Մայր Եկեղեցու հետ։ Դուք և ձեր հասակակիցներն եք մեր հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի լուսավոր ապագայի երաշխավորը։ Ամուր պահեք կապվածությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ընդունեք դարերով սրբագործված նրա ավանդները՝ իբրև ուղեցույց ձեզ համար, որպեսզի լինեք ինքնուրույն, արժանավոր և ուժեղ անհատներ։ Սիրեք Հայրենին, մեր Սուրբ Եկեղեցին, եղեք բարեպաշտ հավատացյալներ ու օրինահարգ քաղաքացիներ։

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ձեր ջերմ հավատքի և եկեղեցանվիրումի համար։ Մաղթում ենք Ձեզ ամենայն բարին և հայցում, որ Բարձրյալն Աստված օրհնի ձեր ընթացքը, պարգևի անսասան և անսպառ հավատք, հույս ու սեր և զորացնի ձեզ բոլոր բարի ձեռնարկներում։

Մեր բարձր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այս ուխտագնացությունը կազմակերպելու համար Հայ Եկեղեցու Երիտասարդական կազմակերպությանց կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, թեմերի երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերին, վարչական խորհուրդների անդամներին ու ատենապետերին:

Հայրական մեր պատգամն է ձեզ, որ նույն նախանձախնդրությամբ շարունակեք ներդնել ձեր ջանքերը՝ նորանոր նախաձեռնություններով առավել կենսունակ ու աշխույժ դարձնելու երիտասարդաց միությունների գործունեությունը՝ ի զորացումն Հայրենի մեր Երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի։

Թող Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ազգիս հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս. ամեն»։

Օրհնության խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և Եկեղեցու առաքելությանն ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։

Հանդիպումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո երիտասարդները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am