«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շոթան շատ աշխույժ երեխա էր։ 14-15 տարեկանում առաջ էր ընկնում, շրջապատում բոլորին օգնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլորին օգնության ձեռք էր մեկնում։ Բանակում ծառայելիս էլ նույն կերպ օգնության ձեռք է մեկնել բոլոր-բոլորին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենակը՝ Շոթայի հայրիկը։

Շոթան ծնունդով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, որտեղ նրա մանկությունն ու պատանեկությունն են անցել, հաճախել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ ավագ որդին երեք կարմիր դիպլոմ ունի, իսկ ահա Շոթայի դեպքում չի կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Սիրելի առարկան եղել է «Մաթեմատիկան»։ Դպրոցն ավարտելուց հետո եղբայրն ուզում էր, որ նա մեքենայի դիագնոստիկայի հետ կապված նրբությունները սովորեր, բայց Շոթան գնաց վարորդական դասընթացների։ Արդյունքում այնպես ստացվեց, որ որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո զբաղվել կրթությունը շարունակելու գործով»։

Ավտոէլեկտրիկի մասնագիտացումը սովորելու և այգեգործությամբ զբաղվելու մտադրություն ուներ։ «Մենք հողատարածք ունենք, ասում էր. «Կգամ, տարբեր տեսակի ծառեր կտնկեմ, կզբաղվեմ այգեգործությամբ»։ Երբեք միտք չի ունեցել գյուղից տեղափոխվելու։ Այնքան կապված էր մայրիկի հետ։ Հասուն տղա էր, դպրոցից դուրս էր գալիս, զանգահարում էր մայրիկին, նրա հետ խոսելով՝ հասնում էր տուն»։

2019 թվականի հուլիսի 17-ին Շոթան զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շոթաս շատ սիրով է մեկնել ծառայության։ Եվ միշտ ասում էր, որ Հայաստանի ամենահեռու կետում պետք է ծառայի։ Այդպես էլ եղավ։ Երբեք դժգոհություններ չի ունեցել ծառայությունից, սիրով էր ծառայում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Զանգահարում էր, զրուցում էինք, բայց շատ գաղտնապահ էր, մեզ ոչինչ չէր ասում։ Երեք օր էր անցել պատերազմի սկզբից, ինձ հետ զրույցում ասաց՝ պապա՛, Բաքվից ի՞նչ բերենք։ Բայց հետո, երբ իրեն հարցեր էի տալիս, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է։ 31 օր կռիվ է տվել։ Ջրականից հասել է Հադրութ, այնտեղից Շեխերով կռվելով՝ հասել է Կարմիր շուկա և այդպես շարունակ»։

Շոթայի մարտական ուղին փաստում է, որ ավագ հրաձիգ, շարքային Շոթա Արմենակի Գևորգյանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է միայն դրական կողմերով. «Շարքային Գևորգյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով դիրքավորվել է թիկունքի ապահովման կետի շրջանում: Մարտը շարունակվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը՝ «300» հրամանատարական դիտարկման կետի շրջանում, որտեղ շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ հակառակորդին հասցնելով կենդանի ուժի կորուստներ: 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ստորաբաժանման կազմում հակագրոհի ժամանակ ստացել է բեկորային վնասվածքներ՝ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ ցանկություն է հայտնել վերադառնալ և շարունակել մասնակցել մարտական գործողություններին: Ստորաբաժանման կազմով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 7-ը թեժ մարտեր են մղել, որից հետո նահանջել են և անցել պաշտպանության «Արա Լեռ» տեղամասում տեղակայված զորամասի շրջանում։ 2020թ. հոկտեմբերի 7-ին ստորաբաժանման կազմով տեղակայվել են Հադրութի դպրոցում՝ վերախմբավորման համար։ Հաջորդ օրը՝ հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու համար, ստորաբաժանումը տեղակայվել է «Չռիկներ» կոչվող տարածքում: 2020 թվականի հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 28-ը շարքային Գևորգյանն ակտիվ մասնակցել է Նորաշենի, Հադրութի, Թութակի, Շեխերի ուղղությամբ մղված մարտական գործողություններին, դասակի կազմով հետ են մղել հակառակորդին՝ զգալի կորուստներ պատճառելով նրանց»: Զինակից ընկերների հավաստմամբ, Շոթան օգնել է վիրավորներին, տարհանել նրանց մարտի դաշտից:

Շոթայի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 28-ին։ «Այդ օրը՝ ժամը մոտավորապես երեքի կողմերը, խոսել է մայրիկի հետ։ Ինձ հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը նաև բոլոր հարազատներին էր զանգահարել։ Հոկտեմբերի 28-ից հետո իր կապ չենք ունեցել։ Հետո մեզ ասացին, որ իրեն տեղափոխել են Լաչին, դրա համար կապ չկա։ Բայց կարծում եմ՝ իրենք արդեն գիտեին, որ Շոթան զոհվել է, բայց մեզ ճիշտը չէին ասում»։

Շոթան անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում՝ հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ պայքարում։ «Տղայիս զոհվելու լուրը մեզ հասավ օրեր անց, բայց իրեն գտել ենք դեկտեմբերի 1-ին։ Մեկ ամսվա մեջ իրեն փնտրել եմ հնարավոր բոլոր տեղերում։ Դեմքն, իհարկե, փոխվել էր, բայց տղայիս մարմինն ամբողջական էր, ճանաչելի, իր շղթան վզին էր, նաև ճանաչելի նշաններ ուներ»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր Շոթան միշտ մեզ հետ է, իրեն երբեք չենք մոռանում, ամեն օր այցելում ենք տղայիս։ Չեմ ցանկանա, որ որևէ ծնող իր ձեռքով իր երեխային հողին հանձնի։ Դրանից դաժան բան աշխարհում չկա, բայց որևէ բան փոխել չենք կարող։ Պետք է ամուր լինենք, ավագ որդի ունենք։ Մեր որդուն՝ Շիրակին պետք է ամուսնացնենք, նրա կողքին լինենք»։

Հ. Գ. - Շոթա Գևորգյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Շոթան հետմահու պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով։ Հուղարկավորված է Ներքին Գետաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am