«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որով Ադրբեջանը կփակի «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ խոստանալով, որ հայկական կողմն էլ իր հերթին կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Փորձագետները սա վտանգավոր թեզ են համարում, ընդհուպ՝ մինչև Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու հնարավորություն։ Բայց որ ամենից վտանգավորն է՝ Նիկոլ Փաշինյանը կշեռքի հավասար նժարներին է դնում «Արևմտյան Ադրբեջանի» իբր «վերաբնակեցման» և արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի հարցերը։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունների ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ բնիկ ժողովուրդների հավաքական իրավունքները բերում, հավասարեցնում են, այսպես կոչված, «փախստականների» իրավունքների հետ։ «Վտանգավոր է, երբ, որպես պատասխան Արցախի ժողովրդի վերադարձին իր պատմական հայրենիք և նրա իրավունքների իրացմանը, ուզում են ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիների հարցը։ Բայց վտանգավոր է նաև այն, որ այս խոսույթը ոչ թե առաջարկ է հայկական կողմից, այլ դա Ադրբեջանի պայմանն է՝ առհասարակ դադարել խոսել Արցախից և դադարեցնել Արցախ վերադարձի մասին խոսույթի շրջանառումը։ Ադրբեջանն իր կողմից, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բերելով օրակարգ, Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական, տարածքային նկրտումներն է ներկայացնում հանրությանը, փոխարենը պահանջում, որպեսզի մենք դադարեցնենք խոսել վերադարձի իրավունքի մասին։ Արցախի ժողովրդի վերադարձը չէ պատասխանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։ Պետք է հասկանանք, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի պատասխանը Խորհրդային Միության փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած հայ ժողովրդի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանումներն են, այսինքն՝ մենք, որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջանի», պետք է ներկայացնենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, Մարաղայից բռնի տեղահանված հայերի հարցը և, ընդհանրապես, մեր բոլոր այն հայրենակիցների հարցը, որոնք ենթարկվեցին ագրեսիայի, մազապուրծ եղան Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս հարցի բարձրացման փոխարեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իբրև թե որպես պատասխան, հակադարձում են՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքներից։ Դրան էլ գումարած ներկայացնում են, որ Ղարաբաղյան շարժումը փակված է, և այն օգտակար չէ, նույնիսկ վտանգավոր է։

 

 

Կարծում եմ՝ սա իրականության հետ որևիցե կապ չունեցող խոսույթ է, դա ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում է, ոչ թե ինչ-որ իրավիճակի լուծում։ Կրկնում եմ՝ որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ կարող ենք քննարկել Բաքվից, Սումգայիթից և այլ վայրերից մազապուրծ եղած մեր հայերի վերադարձի հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Իսկ մեր հայրենակիցների վերադարձն Արցախ իրատեսական չհամարող Նիկոլ Փաշինյանը տողատակերով կամ էլ ուղղակի խոսքով պարբերաբար խոսում է նաև պատերազմի հնարավորության մասին։ Երկրի ղեկավարն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր թիմի համար «փակված» է Արցախի հարցը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի հարցը, մյուս կողմից ակնարկում է՝ հակառակի մասին հայտարարությունները շատ վտանգավոր են, գուցե ակնարկելով, թե այդ դեպքում փխրուն, մազից կախված, հազարավորների կյանքի և առողջության գնով ձեռք բերված «խաղաղությունը» կարող է սասանվել։ Կարծես հաստատում է՝ քանի իրենք են Հայաստանի իշխանությունները, Արցախի թեման չի քննարկվելու։ Պատգամավորի խոսքով, միայն վերջին հարցազրույցով չեն հաստատվում նշված հանգամանքները։ «Շատ վաղուցվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը բազմիցս նշել են, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, իրենց օրակարգում չկա և փակ է իրենց համար։ Արցախ վերադարձի հարցը նույնպես չի կարող լինել իրենց օրակարգում, բայց շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախը, որպես այդպիսին, հայ ազգի գենետիկական մակարդակում են դրված, և այդքան հեշտ չի լինելու դրանցից հրաժարումը, բնական է, որ նրանք պետք է սկսեն արդարացնել, հիմնավորել և նույնիսկ, ինչու չէ, վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ եթե բարձրաձայնենք մեր պատմական իղձերի, նպատակների մասին, ապա դրա արդյունքում կստանանք պատերազմ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք նաև հասնել նրան, որ խոսելով Հայաստանի ինքնիշխան լինելու մասին՝ նույնպես կարող ենք ստանալ պատերազմ։ Դա ոչ այլ ինչ է, քան վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Դրա հիմնական նպատակն է արդարացնել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են և վարել են Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ պահանջ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փակել» Արցախի հարցն ընդհանրապես՝ ոչ միայն ներկաների, այլ նաև ապագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը։

 

 

Բայց մյուս կողմից կարող են հակադարձումներ հնչել, որ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը կամ էլ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ բարձրացնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին և ընթացող «դատավարություններին» առնչվող խնդիրները։ «Կարծում եմ՝ այն ուշադրությունը, գոնե փաստաթղթային առումով, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է ինչպես Արցախ վերադարձի հարցի, այնպես էլ այսօր Բաքվում գտնվող ռազմագերիների շուրջ, ստիպում է, որպեսզի այս իշխանությունները, այնուամենայնիվ, անդրադառնան այդ հարցերին։ Այլ խնդիր է, թե ինչ ուժգնությամբ և ձևով են անդրադառնում այդ հարցերին։ Շատ լավ գիտենք, որ եթե այս իշխանությունները իրոք ցանկանային զբաղվել ռազմագերիների հարցով, ապա այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի մեջ, որը նախաստորագրվել է, կամ ցանկացած հանդիպման ժամանակ, բանակցային սեղանին կդրվեր ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև մի ողջ ժողովրդի՝ 150 հազար արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հարցերը։ Ադրբեջանի հետ բանակցություններն ազգային իշխանությունները կվարեին այս ռակուրսով, այլ ոչ թե խոսել խաղաղության և բանակցությունների մասին՝ ընդհանրապես սեղանից վերացնելով իմ թվարկած հանգամանքները, որոնք հենց հիմնական ցուցիչներն են՝ արդյո՞ք մենք գնում ենք իրական խաղաղության, թե՞ ոչ։ Դա հենց այդ հիմնական ցուցիչն է, որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, որը, ասենք, հնչում է ընդդիմադիր դաշտի, արցախահայության, Արցախի հարցերով զբաղվող գործիչների կողմից։ Դա շատ առարկայական, հստակ պայմաններով խաղաղություն է, որն այսօր, ցավոք, չենք տեսնում, որովհետև ամեն ինչ զիջելով, ամեն ինչ տալով, այն էլ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների պարագայում (գիտենք, թե իրենք ինչպիսի հանցագործ նկրտումներ ունեն հայ ազգի նկատմամբ), խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am