Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակվեց Թրամփի վարչակազմի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ոչ միայն նշանավորում է ամերիկյան ռազմաքաղաքական մտածողության հերթական շրջադարձը, այլև հստակ արտացոլում է ժամանակակից աշխարհաքաղաքական դինամիկան և գլոբալ հարթակում Վաշինգտոնի դերի ու առաջնահերթությունների վերաիմաստավորումը։

Այս ռազմավարության հիմքում դրված է «America First» սկզբունքը, որն այս անգամ դրսևորվում է առավել համակարգված, կանխատեսելի և գործնական մեխանիզմներով։ Նոր փաստաթուղթը առանձնանում է իր ընդգծված շեշտադրումների, արտաքին քաղաքականության կառուցվածքային ուղղությունների, տարածաշրջանային գերակայությունների և աշխարհաքաղաքական մրցակցության նոր տրամաբանության ձևակերպմամբ։

Նախևառաջ, ռազմավարության առանցքում դրված է ամերիկյան ռազմական գերազանցության, տնտեսական գերակայության և Արևմտյան կիսագնդում անվիճելի ազդեցության վերականգնման ու պահպանման խնդիրները։ Թրամփի վարչակազմն այս անգամ հիմնարար կարևորություն է տալիս ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զսպման ուժի զարգացմանը, նոր սերնդի հրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծմանը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթի» (Golden Dome) համակարգի գաղափարի առաջմղմանը, որը պետք է ապահովի երկրի լիարժեք պաշտպանությունը ժամանակակից սպառնալիքներից՝ ներառյալ հրթիռային և անօդաչու համակարգերից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիական թռիչքի և ռազմական ինովացիաների դարաշրջանի՝ միաժամանակ վերաիմաստավորելով իր ավանդական դաշնակցային համակարգերի դերը՝ առավելապես շեշտելով սեփական ինքնաբավությունն ու գերակայությունը։

 


Տնտեսական քաղաքականության ոլորտում ռազմավարությունն ամրապնդում է հարկային նվազեցումների, ապակարգավորումների և առաջավոր տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ նորարարությունների, կենսատեխնոլոգիաների խթանման միջոցով ԱՄՆ-ի մրցակցային առավելության պահպանումը։

Ռազմավարության մեջ կենտրոնական է ամերիկյան բարեկեցության ու տնտեսական անվտանգության բազայի ամրապնդումը՝ որպես ռազմական և դիվանագիտական լծակների արդյունավետ կիրառման նախապայման։ Նոր ռազմավարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել արտաքին անվտանգություն՝ առանց տնտեսական ինքնաբավության, գլոբալ մատակարարման շղթաներում գերիշխող դիրքի և ներդրումային ներգրավվածության նոր մակարդակի։ 2030 թվականը ռազմավարության մեջ նշվում է որպես նպատակային կետ՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական կենսունակության համար, որտեղ առկա է տնտեսական քաղաքականության ու անվտանգության անքակտելի կապը։

Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից փաստաթուղթը արմատապես վերաֆորմատավորում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ուշադրության առանցքները։

Արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը հիմնավորվում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը վճռական է նորից դառնալ տարածաշրջանի անժխտելի առաջնորդը։ Այստեղ շեշտը դրվում է նավատորմի և ծովային անվտանգության ուժերի դերի մեծացման, դաշնակից կառավարությունների աջակցման և Արևմտյան կիսագնդի ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերակենդանացման վրա։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առումով նոր ռազմավարությունը ճանաչում է տարածաշրջանի աճող նշանակությունը, սակայն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների մոտեցումներից։ Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը կառուցված է տնտեսության առաջնահերթության, փոխշահավետ առևտրի, փոխադարձության և երկարաժամկետ տնտեսական մրցակցության վրա՝ խուսափելով բացահայտ «թշնամու» պիտակավորումից։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարախոսական կամ անմիջական ռազմական հակամարտության հարթակ, այլ ավելի շատ տնտեսական, տեխնոլոգիական մրցակցության հարթությունում։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում շեշտը դրվում է Թայվանի շուրջ դաշնակիցների՝ հատկապես Հնդկաստանի հետ համագործակցության զարգացման վրա, բայց առանց Չինաստանի հետ ուղիղ ռազմական բախման նախադրյալների ստեղծման։ Այս մոտեցումը տարբերվում է նախորդ ռազմավարություններից, որոնք հաճախ Չինաստանին ներկայացնում էին որպես առանցքային ռազմավարական սպառնալիք, իսկ այժմ առաջնահերթությունը տրվում է տնտեսական ոլորտում մրցակցության կարգավորմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մեջ ռազմավարությունը ընդգծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կարևոր է ԱՄՆ շահերի համար, սակայն այս հարցում Թրամփի վարչակազմը առավել կոշտ քննադատություն է ուղղում եվրոպացի դաշնակիցների հասցեին, քան Ռուսաստանի։ Միացյալ Նահանգներն ընդգծում է, որ ձգտում է բանակցային ճանապարհով արագ լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը։ Ամերիկյան կողմը նախանշում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր պատրաստակամությունը՝ թերևս փորձելով թույլ չտալ, որ Ռուսաստանը նետվի Չինաստանի «գիրկը»։

Միաժամանակ, ստեղծվում է այն տպավորությունը, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր անմիջական ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում՝ պատասխանատվության ավելի մեծ մասը դնելով դաշնակիցների վրա և պահանջելով իրական բեռի բաշխում։ Սա դրսևորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերի ավելացման մասին պահանջներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորի ավանդական դերի որոշակի վերանայումով։

Նոր ռազմավարության կարևորագույն տարրը դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Այստեղ ամերիկյան աջակցությունը պայմանավորվում է բեռի համաչափ բաշխման, արտահանման վերահսկողության և նպատակային խթանների տրամադրման սկզբունքներով, այլ ոչ թե լայնածավալ և անվերապահ պարտավորություններով։ Սրանով Թրամփի վարչակազմը ակնհայտորեն փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի վրա ընկնող ֆինանսական և ռազմական բեռը, խրախուսել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ու պատասխանատվություն ստանձնել՝ միաժամանակ ամրապնդելով ամերիկյան ազգային շահերի գերակայությունը։

Սա զգալիորեն տարբերվում է նախորդ վարչակազմերի բազմակողմ և գլոբալ պարտավորություններին կողմնակից մոտեցումներից, որտեղ ԱՄՆ-ը հաճախ հանդես էր գալիս որպես միջազգային անվտանգության համակարգի առանցքային հովանավոր։ Այսպիսով, Վաշինգտոնը կարծես թե հրաժարվում է «համաշխարհային ոստիկանի» իր դերակատարությունից՝ փորձելով նվազեցնել իր ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում։

Անվտանգության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային զսպման քաղաքականությանն ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ներդրմանը։ ԱՄՆ-ը շեշտադրում է, որ իր միջուկային և հրթիռային պաշտպանական կարողությունները պետք է շարունակաբար արդիականացվեն, որպեսզի մնան աշխարհում աննախադեպ։ «Ոսկե գմբեթի» ծրագիրը, որին առանձին հատված է հատկացված ռազմավարությունում, ենթադրում է հզորացված հակահրթիռային պաշտպանություն՝ նորագույն ռադարների, արհեստական բանականության և ավիացիոն միջոցների համադրմամբ, որը պետք է ԱՄՆ-ին դարձնի բեկումնային պաշտպանական համակարգերի առաջատար։

Սոցիալական և ներպետական անվտանգության տեսանկյունից ռազմավարությունը ամրապնդում է սահմանների վերահսկողության, թմրանյութերի դեմ պայքարի և ներգաղթի վիճակագրության խստացման առաջնահերթությունները՝ մասնավորապես Արևմտյան կիսագնդում։ Սա միտված է ամերիկյան հասարակության համախմբմանը և ներքին անվտանգության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակակից սպառնալիքները հաճախ չեն ճանաչում սահմաններ և պահանջում են նորարարական, ինտեգրացված պատասխաններ։

Տեխնոլոգիական գերազանցությունը ևս ռազմավարության առանցքային տարրերից է։ ԱՄՆ-ը նպատակ ունի առաջատար մնալ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, կենսատեխնոլոգիաների և էներգետիկ նորարարությունների ոլորտներում՝ ինչպես պետական ներդրումներով, այնպես էլ մասնավոր հատվածի խրախուսմամբ։

Թրամփի վարչակազմը շեշտում է, որ տեխնոլոգիական գերակայությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչ է, ինչը ենթադրում է արտահանման վերահսկողության խստացում, ռազմավարական ոլորտներում ինքնաբավություն և միջազգային չափորոշիչների ձևավորման գործընթացում ամերիկյան դիրքերի ուժեղացում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին «Կասեմ՝ իր վերջին հանդիպումը լինի»․ քաղաքացիների կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Հոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը կդատվի հենց իր առանձնացրած հոդվածով․․․ (video) Լույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Հայտնաբերվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am