Ուրալի ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդին ցմահ ազատազրկում է սպառնում
Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկին կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման, հաղորդում է 66.RU-ն։
Շահին Շիխլինսկու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և երկու սպանություն կազմակերպելու մասին հոդվածներով։ Քննությունը նրան համարում է ազգայնական խմբավորման ղեկավար, որի անդամները ներգրավված են եղել Սվերդլովսկի մարզում 2001-ից մինչև 2011 թվականներին տեղի ունեցած սպանությունների և մահափորձերի մեջ։
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով գործ հարուցելու պատճառը եղել է այն միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի սկզբին․ հատուկ ջոկատայինները Եկատերինբուրգի «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ (Սուլիմովի 21 հասցեում) ձերբակալել են Շահին Շիխլինսկուն, երբ նա, որդու՝ Մութվալիի հետ, ցանկացել էր կայանել Mercedes-Benz G-կլասսի ավտոմեքենան։
