Կարգալույծի ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, և թե՛ հոգևոր տեսանկյունից․ Սամվել դպիր

Ի՞ՆՉ Է ԿԱՐԳԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ է տեղի ունենում կարգալուծության դեպքում

Եկեք պարզենք, թե ինչ է տեղի ունենում կարգալուծության դեպքում համաձայն Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշման: Մանավանդ դա պետք է անել այն քողի ներքո, որ որոշ կարգալույծներ պնդում են, թե կարգալուծությունից հետո իրենց քահանայական օծումը մնում է, որով իրենք իբրև թե չեն դադարում քահանա մնալուց: Այսպիսով, նրանք նաև մոլորեցնում են իրենց հետևորդներին, որոնք հավատալով իրենց շարունակում են մասնակցել իրենց չ/պատարագներին, ստանալ չ/հաղորդություն, իրենց ձեռամբ չ/մկրտվել, չ/պսակվել և այլն:

Նախ անհրաժեշտ է նայել այս հարցին «Կանոնագիրք Հայոցի» տեսանկյունից, որը ներառում է առաքելական կանոններից սկսած մինչև միջնադարյան հայ և ընդհանրական եկեղեցու Հայրերի հաստատած կանոնները:
Կարգալույծ անելիս տարբեր կանոններ հրամայում և հրահանգում են լուծարել եպիսկոպոսի, քահանայի, սարկավագի կարգը, այսինքն՝ օծյալ հոգևորականի քահանայությունը, ինչպես նաև օծումը:

Հստակեցնելու համար, որ լուծարումը վերաբերում է քահանայությանն ամբողջապես, տարբեր կանոններ ասում են, որ լուծարվում է քահանայությունը (1), կամ լուծարվում է քահանայությունից (2): «Կանոնագիրք Հայոցը» ցույց է տալիս, որ լուծարումը վերաբերում է ոչ միայն քահանայությանը, այլև օծմանը (3), ինչպես նաև վերաբերում է քահանայական շնորհին, ձևին և նշանին (4):

Եկեղեցական կանոնները պատվիրում են նաև լուծարումից հետո, ըստ նախատեսության, նզովել, Եկեղեցու բաժնից հեռացնել, և կամ համարել որպես ամբարիշտ (5): Հայ Առաքելական Եկեղեցում եկեղեցական կարգից հեռացվածներին նզովել են ծանրագույն հանցագործությունների դեպքում, մնացած հանգամանքներում դասել են աշխարհականների շարքը` չնայած որ կանոնը թույլ է տալիս նաև, ըստ հանգամանքի ծանրության, տվյալ անձին որպես ամբարիշտներին հավասար համարել:

Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը

Քահանայական ձեռնադրության անջնջելիությունը Կաթոլիկ Եկեղեցու ուսմունք է, որը հաստատվել է Տրիդենտյան ժողովում և գործադրումն է այդ ժողովի որոշումների: Սույն ժողովը Կաթոլիկ Եկեղեցու 19-րդ «տիեզերական» ժողովն է` գումարված 1545-1563 թթ.: Այսինքն` նշյալ ժողովի որոշումները տարածվում են ժողովը գումարած Կաթոլիկ Եկեղեցու և միջնադարյան այդ ժողովի որոշումներն ընդունողների վրա: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է միայն երեք տիեզերական ժողովներ: Կաթոլիկ Եկեղեցին իր բոլոր կարևոր ժողովները տիեզերական է հռչակել, որոնք, ըստ էության, միայն մեկ Եկեղեցու ներեկեղեցական հավաքներ են, և որոնց տիեզերական լինելը չի ընդունվում մյուս Եկեղեցիների կողմից: Այսպիսով, քահանայական ձեռնադրության անջնջելիության ուսմունքը կաթոլիկների «տիեզերական» ժողովի ուսմունքն է, ըստ որի վավերականորեն ստացված ձեռնադրությունն անվավեր չի դառնում, սակայն հոգևորականը կարող է կորցնել իր հոգևոր կարգը` զրկվելով իր բոլոր պաշտոններից և նրան լիազորված ողջ իշխանությունից:

Ստացվում է, որ կաթոլիկ քահանան կարող է բաժանվել եկեղեցական իշխանությունից, արգելված լինել, կարող է բոլորովին հեռանալ քրիստոնեությունից` պահպանելով առաքելական ձեռնադրությունը: Եվ ստացվում է, որ ձեռնադրյալն իր հերթին կլինի շնորհի ինքնուրույն կրող աղբյուր, որից կարող է օգտվել ըստ իր հայեցողության` բոլորովին հաշվի չնստելով իրեն ձեռնադրողների ո՛չ ուսմունքի, ո՛չ ցանկությունների հետ:

Սակայն հստակ է, որ կաթոլիկների կողմից քահանայության կամ մկրտության անջնջելիության ուսմունքի ստեղծման նպատակը եղել է ոչ թե քահանայության կարգից զրկվածների և կամ ուրացյալ մկրտյալների շահերը պաշտպանելը և կամ նրանց «բացառիկ անձեր» լինելը հաստատելը (կաթոլիկների մոտ էլ այդպիսինները դատապարտելի են համարվում), այլ միմիայն աստվածային շնորհի անեղծանելի բնույթի շեշտումը, անգամ եթե այն ստացած անձը պղծում է իր ընթացքը:

Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը

Կարգից զրկված հոգևորականի կողմից կատարված որևէ «ծես» չունի ոչ իրավական, և ոչ էլ որևէ հոգևոր նշանակություն այսպես կոչված քահանայության խորհրդի անջնջելիության բնույթի հիմնավորմամբ: Իսկ անջնջելի բնույթը, ըստ Ուղղափառ Եկեղեցու վարդապետության, նշանակում է միայն այն, որ այդ խորհուրդը չի կարող միևնույն կերպով կրկնվել միևնույն անձի վրա: Սա նշանակում է, որ կրկնամկրտություն կամ կրկնաձեռնադրություն չի կատարվում, քանզի հակառակ դեպքում աստվածաբանական ընկալումով ընդունելի կլիներ, որ անձի անարժանության, պղծության, նրան կարգից հեռացման պարագային եղծվում է նաև նրան տրված աստվածային շնորհը, և այն պետք է կրկնել` շնորհը շտկելու կամ սրբելու համար: Այդ պատճառով էլ ոչ թե քահանայության կամ մկրտության անջնջելիությունն է հաստատագրվում, այլ դրանց անդրադառնալով` շեշտվում է աստվածային շնորհի անեղծանելի բնույթը:

Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը

«Կանոնագիրք Հայոցի» կանոնները հաստատում են, որ կարգալույծ արվածը բոլորովին զրկվում է քահանայական շնորհից, ձևից և նշանից (6): Կանոնագրքում գործածված սահմանումներով` քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից զրկումը կատարվում է ոչ միայն ծանր հանցագործությունների դեպքում, այլև եկեղեցական կարգավորությանն անհնազանդության, եկեղեցական պատշաճության խաթարման համար:

Իսկ ինչպես հասկանալ «շնորհի» և «օծման» լուծարումը: Երբ կանոնն ասում է, որ օծումը լուծվում է, նշանակում է, որ օծումը կամ դրա հետ կապված շնորհը դադարում է գործել՝ վերցվելով անհնազանդ հոգևորականից, քանի դեռ նա պառակտման և անհնազանդության մեջ է, քանի որ շնորհը գործելու գլխավոր պայմանը հնազանդությունն ու խոնարհությունն է: Քահանան, որը խախտել է Եկեղեցու միասնությունը, կտրվում է Խորհուրդների շնորհների աղբյուրից՝ Աստծուց, որը գործում է միայն Եկեղեցու Մարմնի միջոցով: Երբ Կանոնն ասում է, որ ձևն ու նշանն են վերցվում, դա նշանակում է, որ քահանայի արտաքին նշանները (հոգևոր զգեստը, անունը) և նրա կողմից կատարվող ծեսի ձևը (բանաձևը) չունեն բովանդակային իշխանություն։ Այս դեպքում «լուծարումը» հոմանիշ է անվավերության, քանի որ քահանայի կողմից կատարված խորհրդի միջոցով չի փոխանցվում Սուրբ Հոգու շնորհը, որովհետև կարգալույծ քահանան Եկեղեցուց դուրս է գործում և, համապատասխանաբար, Աստծո կամքից դուրս։

Այսպիսով, Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից, կարգալուծության դեպքում տեղի է ունենում ավելին, քան պարզապես իրավական սահմանափակում։ Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում:
Քահանայական դրոշմը որպես հնարավորություն տեխնիկապես մնում է, և դա է պատճառը, որ ապաշխարող քահանային կրկնաձեռնադրություն չի արվում։

Հովհաննես Արճիշեցին ընդգծում է, որ. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից, եւ ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն»:

Վերջապես

«Կանոնագիրք Հայոցը» խստագույնս է անդրադառնում այն հոգևորականներին, ովքեր կարգալուծությունից հետո կհամարձակվեն մոտենալ երբեմն իրենց վստահված ծառայողական պաշտոնին: Մասնավորապես, կանոնը հրամայում է. եթե կարգալույծ արվելուց հետո քահանան համարձակվի շարունակել գործել որպես քահանա, ապա նա ամբողջվին թող արտաքսվի եկեղեցուց (7), իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել (8): Իսկ, եթե որևէ քահանա արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և նա առանձին հավաքվեց ու սուրբ սեղան հաստատեց, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել (9):

Եզրակացություն

Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է: Կարգալուծությունը լուծում է քահանայական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։ Քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է և դրանցից: Նրա ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, և թե՛ հոգևոր տեսանկյունից: Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է վերցնում և դարձյալ վերադարձնում: Այսպիսով, «լուծարում» բառը նկարագրում է շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք։

Կազմեց` Սամվել դպիր Գրիգորյանը

Խմբագրեց` Հայր Շնորհք Պալոյանը

Հղումներ.

1. «Կանոնագիրք Հայոց». … քահանայութիւնն լուծցի կամ յերիցութենէն լուծցի (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոններ ՇՀԶ (ՇՀԲ) Բ, ՇՂԳ (ՇՁԹ) ԺԹ, ՇՁԳ (ՇՀԹ) Թ):

2. «Կանոնագիրք Հայոց». … լուծեալ ի քահանայութենէ (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոն ԽԵ (ԽԴ) ԺԱ):

3. «Կանոնագիրք Հայոց». … լուծցի յօծմանէն եւ եղիցի նզովեալ (Բասղի գիր կանոնական, կանոն ՌՀԱ (ՌԿԳ) ՃԼԸ):

4. «Կանոնագիրք Հայոց». … այնպիսին ամենեւին բարձցի ի քահանայական շնորհէն, եւ ձեւն եւ նշանն (Սահմանք կանոնաց Սուրբ Առաքելոյն Թադէոսի, կանոն ՉԽ (ՉԼԴ) ԺԱ):

5. «Կանոնագիրք Հայոց». … համարեալ եղիցի, որպէս զամպարիշտն (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոն ՇՁԸ (ՇՁԴ) ԺԴ):

6. «Կանոնագիրք Հայոց». … այնպիսին ամենեւին բարձցի ի քահանայական շնորհէն, եւ ձեւն եւ նշանն (Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի, կանոն ՉԽ (ՉԼԴ) ԺԱ):

7. «Կանոնագիրք Հայոց». … եւ համարձակեսցի մերձենալ յաւանդեալսն երբեմն նմա պաշտաւն, սա ամենեւին ի բաց հատեալ անկցի յեկեղեցւոյ (Կանոնք Առաքելական ի ձեռն Կղեմայ – գլուխք ՁԵ, կանոն ԻԶ):

8. «Կանոնագիրք Հայոց». Քահանայ որ լուծեալ է ի կարգէն վասն չար գործոց՝ զմկրտեալն եւ զպսակեալն ի նմանէ պարտ է այլ նորոգել (Կանոնք Բասղի պէսպէս ախտից – գլուխք ՄՀԲ, կանոն ԻԸ):

9. «Կանոնագիրք Հայոց». … զայնպիսիսն բնաւին մերժել արժան է եւ ոչ եւս մխիթարութեան ինչ հասուցանել իբրեւ ոչ եւս կարող են զնոյն պատիւ ընդունել ամենեւին։ Ապա եթէ յամեսցեն եւս ի նմին իրս խռովութիւնս առնել եւ ամբոխս յարուցանել յեկեղեցւոյ վերայ յարտաքին իշխանութենէ եւ ի զաւրութենէ ուստեք, զայնպիսիսն իբրեւ զխռովարարս դարձուցանել եւ սանձաբեկ առնել արժան է (Կանոնք Անտիոքայ – ԱՆՏ, կանոն Ե):

Օգտագործված գրականություն.

1. Կարգալուծության կանոնների մասին. Տ. Ադամ քահանա Մակարյան:
2. «Կանոնագիրք Հայոց». 1, 2 հատորներ:
3. «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց»:

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Արծվի նկարի տակ նստելով՝ արծիվ չեն դառնում. զինվորական կրթություն չունենալով՝ ՊՆ են ղեկավարում. լրագրող Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Երբ 874թ. Սյունյաց իշխանի կինը Սևանա կղզում կառուցում էր 2 եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում. Վարդան Ոսկանյան Դուք այս քայլիստ տգետին նայեք ինչե՜ր է բարբաջում... Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2,352 տարվա ազատազրկում Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան Վարդան Ղուկասյանին մահվան են տանում. ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը Գյումրիում. ՀԿԿ խմբակցության ղեկավար Մոտ 2 մլն դոլար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանը․Yerkir.am-ի հարցման պատասխանը Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. Հրայր Կամենդատյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի և կարճատև ՊՆ աշխատածի դեմ քրգործ է հարուցվել ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Խղճուկ դավաճան Հուդան չի հանդարտվում... Իրանի ջրամբարի չորացումից հետո նրա հատակում հայտնաբերվել է 74 մարդու դիակ Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին Զելենսկին նացիստ է, հակառակ ապացույցներ չկան․ Լավրով Քրիստոս ինքն է ճշմարիտ լույսը մեր կյանքի, քայլե՛նք այդ ճանապարհով․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ ԵԱՏՄ-ն արագորեն վերածվել է դինամիկ զարգացող կազմակերպության «Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Լեւոն Արոնյանը հասավ հաղթանակի «Կյանքի խոսքի» հավաքատեղիում դանակահարություն կատարածը թմրամիջոցի ազդեցության տա՞կ է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am