3-ամյա Տիգրան Օվանեսովի մորը թույլատրվել է երեխաներին տեսակցել
3-ամյա Տիգրան Օվանեսովի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը դեռևս օրակարգում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Քննարկվել էր բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու էր մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Քննարկման արդյունքում երեխաներին տեղափոխել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։
«Նիստի մի մասը անցկացրեցինք Ճամբարակում, այնուհետև տեղափոխվեցինք Ծափաթաղ, որտեղ հանդիպեցինք նաև մոր հետ։ Զրուցեցինք նրա հետ, լսեցինք կարծիքը, այնուհետև շփվեցինք երեխաների հետ։ Մայրը համաձայնվեց մեր որոշման հետ, և իր հարցմանն ի պատասխան, թե կարող է արդյոք տեսնել երեխաներին, մենք ասացինք՝ խնդիր չկա։ Մեր ուղեկցությամբ նա գնաց ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն, որտեղ տեսավ երեխաներին»,- նշել է Գալոյանը։
Մայրն իր հերթին ստացել է այն մասնագետի հեռախոսահամարը, որը անմիջականորեն աշխատում է երեխաների հետ։ «Այժմ մասնագետները երեխաների հետ պետք է որոշ ժամանակ աշխատեն, որպեսզի նրանք հաղթահարեն ստացած սթրեսը, և միայն դրանից հետո կքննարկենք նրանց վերադարձի հարցը։ Դեռևս ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը օրակարգում չէ»,- հավելել է Մամիկոն Գալոյանը։
