Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանի հրապարակումը․

«Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում նրան ամենաշատը քննադատություն բերած մի քանի դրվագներից մեկն, անշուշտ, Աստանայում 2014 թ. մայիսին տեղի ունեցած հայտնի պատմությունն էր: Հիշեցնեմ, Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ իրեն և Բելառուսի նախագահին է դիմել Ադրբեջանի նախագահը և փոխանցեց նրա մտահոգությունը. Հայաստանը ԵԱՏՄ-ին պիտի անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, առանց Արցախի: Որպես փաստարկ հնչեցրեց նաև, որ նման նախադեպ կա. «Հայատանը նույն ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Ինչպես հիշում եք, Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևին՝ իր վրա հրավիրելով հանրային լայն քննադատություն:

Ու քանի որ մեր ժողովրդի ու պետության հետ տեղի ունեցած աղետից և սահող գահավիժում-կազմաքանդումից հետո շատ բան կորցրել է նախկին իմաստը, հարկ եմ համարում գոնե պատմության համար գաղտնազերծել այն, ինչը, թեկուզ 11 տարի անց, լույս կսփռի տեղի ունեցածի վրա՝ հասկանալի դարձնելով նաև Սարգսյանի լռության իրական արմատները: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական կյանքը ձախողումների ու աղետների է տանում նաև այն պարզ հանգամանքը, որ մեծ քաղաքականության շատ նյուանսներ մնում են հանրության իմացությունից դուրս՝ սնուցելով տարատեսակ առասպելներ ու միֆեր:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Նազարբաևն Ալիևի անունից խոսում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամամակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին: Արձանագրելու, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում, Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն, ՀԽՍՀ սահմաններով: Այսինքն, ցանկանում էր էդ հարթակում ու էդ առիթով արձանագրել, որ Հայաստանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղն ավտոմատ չի դառնում ԵԱՏՄ տարածք՝ առևտուր, մաքսային ռեժիմներ և այլն: Չհիշեցնեմ ավելորդ անգամ, որ Լեռնային Ղարաբաղը իր գոյության ողջ ընթացքում փաստացի Հայաստանի տնտեսության մի մասն էր, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր նաև ԵԱՏՄ տնտեսական գոտու փաստացի մի մասը. նույն մաքսային ռեժիմն էր և այլն:

Աստանայում տեղի ունեցածի հետնաբեմը հետևյալն էր, ինչի մասին մինչև օրս չի ասվել ճշմարտությունը:

Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն իրենց միջազգային գործընկերների օգնությամբ նախապես, իհարկե, տեղեկացված էին, որ Ալիևը դիմել է Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Ու որ Նազարբաևն այդ թեման Աստանայում բացելու է: Ու որքան էլ նիկոլական մտածողության համար զարմանալի թվա, ՀՀ նախագահը, տեղյակ լինելով այդ ամենին նախապես, միևնույն է, չարձագանքեց՝ լռեց:

Երկու պատճառով.

1.) Նախ, որովհետև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցն արդեն իսկ քննարկվել ու պայմանավորվել էր առանցքային դերակատարի՝ ՌԴ նախագահի հետ: Հետևաբար, ինչու՞ հանուն սեփական ժողովրդի աչքում մաչո երևալու ու Տիգրան Մեծին հիշելու, թեկուզև սեփական վարկանիշի հաշվին, լեզվակռվի մեջ մտնել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ, եթե այն որևէ կերպ չի օգնում կոնկրետ գործին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, այլ ճիշտ հակառակը, կարող էր խանգարել՝ օգնելով հակառակորդին տորպեդահարել հենց քո պետության շահերից բխող այդ որոշումը: Իսկ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում էին կոնսենսուսով. Նազարբաևն ու Լուկաշենկոն կարող էին իրենց թույլ տալ ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնել «Ալիևի մտահոգությունը», սակայն այն կշիռն ու կարողությունը չունեին, որ տորպեդահարեին մի որոշում, որն արդեն կայացվել էր ՌԴ առաջնորդի կողմից:

2.) Նազարբաևն իր խոսքում, կրկին հիշեցնեմ, որպես փաստարկ բերեց Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «նույն ձևով» միանալու հանգամանքը: Սարգսյանը նախապես տեղյակ էր նաև, որ Նազարբաևի դիմաց դրված թղթապանակի մեջ էր ոչ միայն Ալիևի դիմումը, այլ… Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դեռ 2003 թ. անդամակցության ժամանակ ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված պաշտոնական մի նամակի պատճեն: ԱՀԿ-ը, լրիվ նույն համատեքստում և նույն Ադրբեջանի պահանջով, դեռ 2002 թ. պաշտոնական Երևանից ստացել էր մի նամակ-հավաստիացում, որով ՀՀ այդ ժամանակի իշխանությունը, կարծեմ մեր ԱԳՆ-ի անունից, հավաստել էր, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես եղել էր ՄԱԿ-ին անդամակցելիս: Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ:

Ահա, նախագահ Սարգսյանը, շատ լավ տեղեկացված լինելով, որ Նազարբաևի թղթապանակի մեջ նաև ժամանակին ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն կար, գերադասեց լռել: Սեփական վարկանիշի հաշվին, բայց չարձագանքեց՝ երկրի ներսում արժանանալով փոթորիկ քննադատության:

Որպեսզի, բացի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չվնասելուց, իր արձագանքով թույլ չտար Նազարբաևին, արդեն ի պատասխան Սարգսյանի, թղթապանակից հանել ու լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել դեռ 2002 թ. ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն: Իսկ այն, բացի ՀՀ պետական շահերը վնասելուց, այդ պահին կարող էր նաև քարոզչական լուրջ ալիք բարձրացնել ու հարվածել ՀՀ նախորդ իշխանություններին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը:

Սա էր իրականությունը:

Հ.Գ. Մեր լրագրողներից մեկն ինձ գրել էր, թե այս տեղեկությունը լրագրողական հետաքննության հրաշալի նյութ է: Համաձայն եմ՝ գոնե պատմության համար արժե: Բայց նաև մտորելու առիթ է մեծ քաղաքականության մեջ պետական շահերի ու անձնական հեղինակության, բարոյականության ու երախտամոռության միջև ընտրություն կատարելու անսկիզբ ու անվերջ դիլեմայի շուրջ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am