Мальчик, это не толпа, это-мой народ. В Следующий раз не прощу. Միքայել Աջապահյանը՝ Անդրեյ Մալախովին

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը գրում է.
«2015 ի արյունոտ հունվարը շատերն են հիշում։ Մի սրիկա հանցագործի պատճառով երկու ազգերի կրքերն այնքան էին բորբոքվել, որ արդեն բանականությունից դուրս փոխադարձ մեղադրանքների էին անցել, ու արդեն հասունանում էր լրջագույն կոնֆլիկտ։ Քչերն են հիշում, որ հենց Արժանապատիվ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ քիչ թե շատ հանդարտվեց իրավիճակը։ Հեռուստատեսություն զանգ ստացանք, որ Անդրեյ Մալախովն է գործուղվում Հայաստան, որպեսզի պատրաստի հաղորդում Ավետիսյանների ընտանիքի ողբերգության ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Այդ օրերին պատահաբար (հետո պարզեցի, որ իսկապես պատահաբար) «Пусть Говорят»-ով մի հաղորդում էր գնացել Ռոստովում բնակվող մի հայ սրիկայի մասին,որը երկու ռուս երեխա էր վնասել։ Դրանից կրքերը Գյումրիում ու ամբողջ Հայաստանում ավելի էին թեժացել։
Մալախովին դիմավորեցի, ու միասին գնացինք Գյումրի։ Առաջինն առաջարկեցի մտնել սրբազանի մոտ։ Երկար խնդրանքներից հետո համաձայնվեց ընդունել։ Բարկացած էր հատկապես էդ «կրակի վրա յուղ լցնող» հաղորդման պատճառով։
Հարցազրույցը ծանր սկսվեց ։ Անդրեյն իհարկե պրոֆեսիոնալ է, բայց սրբազանի ծանրակշիռ խոսքը մարսելու ունակություն պետք է ունենալ։ Հանկարծ հնչեց մի նոր հարց...
֊Вот, Св. Отец, когда вы вышли к толпе... հարցը չհասցրեց ավարտել... Սրբազանը բռունցքը խփեց սեղանին ու (կարդալ սրբազանի բարկացած ձայնով)
֊Мальчик, это не толпа, это-мой народ. В Следующий раз не прощу!
Հարցազրույցն ավարտվեց էդտեղ։ Մալախովը դրանից հետո երկար լուռ էր։ Բայց խնդրեց մտնել եկեղեցի, ու երկար 7 վերքի խորանի մոտ աղոթում էր»։