Ճիշտ կլինի՝ դատական իշխանությունը ինձ նման կադրին չկորցնի․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի «վերջին խոսքը»՝ դատարանում. Iravaban.net

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 4-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը։ Իր խոսքում Ալեքսանյանը նշեց՝ թեև պաշտպանական թիմը դատավարության ողջ ընթացքում ներկայացրել է հիմնավորումներն ու փաստարկներն առ այն, որ մեղադրանքը որևէ առնչություն չունի իր՝ որպես դատավորի գործունեության հետ, սակայն եզրափակիչ խոսքով նա անդրադարձ կատարեց բոլոր դրվագներին։

Պնդեց՝ իր նկատմամբ իրականացված ողջ իրավական գործընթացը արդարադատության խախտմամբ է տեղի ունեցել․ «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ սանձազերծված ապօրինությունների մեկնարկը տրվել է ԱԱԾ օպերատիվ աշխատակցի կողմից կազմված իրականությանը չհամապատասխանող, ստահոդ, կեղծ զեկուցագրով, որի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իբր ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես, զբաղեցնելով դատավորի պաշտոնը, իմ վարույթում գտնվող տարբեր դատական գործերով քննությամբ դեռևս չպարզված անձանցից պարբերաբար պահանջում և ստանում եմ խոշոր չափերով՝ 2 միլիոնից 5 միլիոն դրամ գումար կաշառք: Ես հասկանում եմ՝ այս թեմայից արդեն հոգնել եք, ձանձրացել եք, բոլորս ենք հոգնել, բայց ամենինչ հենց այստեղից է սկսում»։

Նա իր նկատմամբ իրականացված իրավական ողջ պրոցեսը ապօրինի է որակում, նշում՝ այս դատավարության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր կողմերում պրոֆեսիոնալ իրավաբաններ են․

«Գիտե՞ք՝ ինչն է վիրավորական, ամենայն հարգանքով ենթադրյալ հանցավոր հակումներ ունեցող բոլոր անձանց նկատմամբ, որևէ մեկի հնարավորություններն ու մտավոր ունակությունները չեմ թերագնահատում, բայց ախր ես Ձեզ համար ո՛չ ապօրինի սահմանահատ եմ, ո՛չ թմրանյութ իրացնող եմ, ոչ էլ կողոպուտով կասկածյալ:

Այս պարագայում խոսքը դատավորի մասին է, բա դատավոր եք ուզում դատել, իսկապես կարծում եք, որ այս բազայով հաջողություն կգրանցե՞ք, վերջիվերջո գործով մեղադրյալները պրոֆեսիոնալ իրավաբաններ են, կարելի է չէ փոքր-ինչ զգուշավոր, ուշադիր ու աչալուրջ լինել»։

Իր ելույթում Արուսյակ Ալեքսանյանն անդրադարձավ նաև այն դրվագին, որ իր եղբայրը՝ Ռուստամ Ալեքսանյանը, մտերիմ հարաբերություններ է պահպանել քրեական ենթամշակույթ կրող տարբեր անձանց, այդ թվում՝ «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի հետ, ում արգելանքից ազատելու համար էլ Ռուստամ Ալեքսանյանը դիմել էր քրոջը՝ Արուսյակ Ալեքսանյանին։

«Սա քննչական դեպարտամենտի և դատախազության անելանելիության հերթական դրսևորումն է, էլի քննությունը խեղճացել է, էլի դիմել են օպերատիվ բլոկի վառ երևակայությանը։ Նախ ցույց տվեք վարույթի ընթացքում ձեռք բերված որևէ տվյալ այն մասին, որ իմ եղբայր Ռուստամ Ալեքսանյանը մտերիմ հարաբերություններ է պահպանում քրեական ենթամշակույթ կրող տարբեր անձանց հետ, առավել ևս՝ «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի հետ։ Կամ ցույց տվեք մի տվյալ, որ Ռուստամ Ալեքսանյանն ինձ դիմել է Սերգեյ Գրիգորյանին ազատ արձակելու խնդրանքով: Նման տվյալ գոյություն չունի»։

Արուսյակ Ալեքսանյանը անդրադարձավ նաև իր և հարազատների մասնակցությամբ դատարանում հանրային մեղադրողի կողմից հրապարակված գաղտնալսումներին՝ պնդելով, որ նախագահող դատավորը չպետք է թույլ տար կին դատավորի անձնական բնույթի զրույցները դռնբաց դատական նիստում հրապարակվեին։

«Այդքան լուրջ ռեսուրսներ են ծախսվել, ավելի ճիշտ վատնվել, որ վերջում դատախազությունը դեմքի շատ լուրջ արտահայտությամբ դատարանում ներկայացնի, թե Արուսյակ Ալեքսանյանը ում հետ ինչ է «գզե՞լ», կարևորը պարզվեց, որ նապաստակ ենք գզել։ Կամ էլ էդքան պետական ռեսուրս եք մսխել, որ անպայման ներկայացնեք Արուսյակ Ալեքսանյանի բառամթերքի բազմաշերտ լինելը, տեսեք Արուսյակ Ալեքսանյանը մեկին դիմեց «գազան» եզրույթով, էդ մյուսն էլ ի պատասխան արձագանքեց «մեռնեմ ջանիդ», էն մյուսին էլ անվանեց ոչխար, մյուսին՝ անասուն, էդ անասուն ու ոչխար ասելով էլ ծանր հետևանք առաջացրեց»։

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու դրվագի առնչությամբ Ալեքսանյանը հետևյալը նշեց․ «Իմ որոշման արդարացիությունը գնահատելու համար բավական է հետևած լինել իմ կողմից կայացված որոշմանը հաջորդող իրադարձություններին: Իսկ իմ կողմից ազատ արձակվելուց հետո ի՞նչ է արել Սերգեյ Գրիգորյանը՝ փախուստի է դիմել՝ ոչ, վարույթի է խոչընդոտել՝ ոչ, նոր հանցանք է կատարե՞լ՝ կրկին ոչ, բա ի՞նչ է արել՝ իրավահպատակ վարքագիծ է դրսևորել, ինչը ևս փաստում է իմ որոշման արդարացիությունը։

․․Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու իմ որոշումը ոչ միայն ակնհայտ անարդար դատական ակտ չէ, այլ աշխարհի ամենաարդար դատական ակտն է»։

Արուսյակ Ալեքսանյանը իր ելույթում հայտնեց՝ որևէ վկա ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում չի ասել որևէ բառ, որ կարող էր վկայել իր կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու մասին․ «Այսինքն՝ ոչ ոք իմ դեմ ցուցմունք չի տվել, նույնիսկ՝ այս սցենարի գլխավոր դերակատար Պողոսյան Գագիկը»։

«Այսպիսի խոսույթ էլ կա, ասում են՝ Դոլմազյանը էդքան քեզ պահել է, ազատազրկել է, հո վերջում չի արդարացնելու, պարզ է, որ վերջում մեղադրական վերդիկտ է կայացնելու: Պատվարժա՛ն դատարան, խնդրում եմ հիասթափեցրեք նման համոզմունք հայտնողներին, առաջնորդվեք բացառապես օրենքով, իրականացրեք իրական արդարադատություն, իսկ իրական արդարդատությունն այն է, որ այս գործով անցնող բոլոր մեղադրյալները պետք է արդարացվեն»,-ամփոփեց խոսքը Արուսյակ Ալեքսանյանը։

Այս նիստով Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը վերացվեցին, իսկ գրավ խափանման միջոցը կշարունակի գործել։

Եզրափակիչ ելույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև հանրային մեղադրողը՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իրականացված ՕՀՄ-ների արդյունքում ձեռք բերված ապացույցները թույլատրելի են, ու ըստ նրա՝ վերացական հայտարարություններով հնարավոր չէ քողարկել իրավասու մարմնի գործողությունների օրինականությունը և օրինաչափությունը։

դիտվել է 472 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am