Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից

«Պայթյունի հետևանքով մահացած բոլոր քաղաքացիները ճամբարակցիներ էին։ Թեթև վնասվածքներ ստացածների թվում եղել են նաև Արցախից բռնի տեղահանվածներ։ Վիրավորներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը մինչ այժմ ծանր է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ պայթյունի հստակ պատճառը դեռևս հետաքննվում է, սակայն նախնական տվյալներով այն եղել է գազի արտահոսքից։ Աղետի հետևանքով մահացել են երեք կին և երկու տղամարդ, որոնցից երկուսը՝ մայր և որդի։
«Զոհված կանայք ծնվել են 1935, 1937 և 1949 թթ․, իսկ տղամարդիկ՝ Արթուր Սարգսյանը՝ 1970 թ․, մյուսը՝ 1963 թ․»,- մանրամասնեց համայնքապետարանի աշխատակիցը։
Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 08։35-ի սահմաններում՝ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում։ Պայթյունի հետևանքով շենքը մասամբ փլուզվել է, ինչի արդյունքում 5 քաղաքացի է մահացել։
Մանրամասները՝ տեսանյութում։