Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Անուշ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է Մարտունու շտապօգնության հաշվեկշռում և վիրավորներից մեկն էլ բուժքույրն է, ում Գավառի հիվանդանոցից տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ վարորդին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը: