Ճամբարակի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, փրկարարները փնտրում են ևս երեք անձի

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է շենքի բնակիչներից ևս մեկի դին։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ շենքի ևս երեք բնակչի հայտնաբերման ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում՝ կասկածներ կան, որ նրանք ևս կարող են տուժած լինել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, կան տուժածներ և զոհեր։ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են: