Քյարամյանն ու Վարդապետյանը գլուխները տարուբերեցին, հավանություն տվեցին, Փաշինյանն էլ ծափ տվեց․ Ազատի զորամասի գործով տուժողը՝ փրկարար ծառայության պաշտոնյային

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկաների հարցաքննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում նախ ցուցմունք է տվել ԳՇ ծառայության պահեստապետ Գևորգ Նիկողոսյանը, որը պատմեց, որ դեպքի օրը՝ ուշ ժամի, զանգ է ստացել հրդեհի մասին, գնացել զորամաս, որտեղ տեղակայված էր թիկունքի մասը, որը զորամասում չէր, ցուցում է ստացվել, որ կրակմաիչները, որոնք մինչ այդ չէին բաժանվել, գոնե մնացած կացարաններում բաժանվեր, որ նման իրավիճակ չկրկնվի։ Ըստ վկայի՝ դեպքին նախորդող ժամանակաշրջանը հակահրդեհային միջոցներ՝ կրակմարիչներ, պահեստում եղել են՝ մոտ 200 հատ, իսկ հակահրդեհային վահանակները հավաքվել են զորամասերից, քանի որ զորամասը ցրված էր, հավաքել են, որ ռմբակոծության չենթարկվի։ Հարցին՝ ի՞նչ հակահրդեհային միջոցներ էին հատկացվել ինժեներասակրավորների վաշտին, ինչ ընթացակարգով՝ գրավո՞ր՝ վկան պատասխանեց, որ տեղյակ չէ, ոչինչ էլ չեն ստացել։ Դատախազի ճշգրտող հարցին․ թե դիմել են՝ չեն ստացել, թե չեն դիմել՝ վկան չկարողացավ պատասխանել, թե արդյոք դիմելու դեպքում կստանային՝ վկան կրկին չպատասխանեց։ Դատարանում հաջորդիվ հարցաքննվեց ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, որը ցուցմունքում պատմեց, որ ինքը դեպքի վայրում չի եղել, այնուհետև, փորձելով պարզաբանել դեպքից հետո իր հայտարարությանը, որով ինքը ասել էր, որ զինծառայողների մարմինները հայտնաբերվել է մահճակալների վրա, նշեց, որ ԱԻՆ տեղեկագիրը կազմվել էր առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ՝ այդ օրվա օպերատիվ հերթափոխի պետի կողմից, որն էլ ստորագրում է այդ տեղեկագրի տակ և դա փոփոխման ենթակա չէ։
«Ես դեպքի վայրում չեմ եղել, պետք է ներկայացնի այն տվյալները, որն առկա էր տեղեկագրում, բայց քանի որ պետք է գնայի այդ հանրային քննարկմանը, զանգահարեցի Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Մխիթար Կարապետյանին, որը փոխանցեց որոշակի ինֆորմացիա՝ բացի տեղեկագրից։ Ասեմ՝ ինչից սկսվեց, որ հանրային քննարկման ժամանակ հարց եղավ՝ զինվորների գտնվելու վայրի մասին, ասացի՝ մահճակալների վրա, բայց իրականում պարզվեց, որ մահճակալների սենյակում»,- նշեց վկան՝ հավելելով, որ ինքը սխալ է հասկացել, Կարապետյանը ևս նշել է․ թե ասել է՝ մահճակալների սենյակում, հետագայում հասկացել է, որ իր ձևակերպումը ճիշտ չի եղել, սխալ է եղել, ինչը շատ ծանր է տարել։ Դատախազի հարցին ի պատասխան՝ երբ հասկացել է, որ թյուրըմբռնման խնդիր է, արդյոք փորձել է ուղղել սխալը՝ Սարոյանը նշեց, որ իր այդ հայտարարությունից 16 օր հետո դատախազի կողմից է հերքվել, այսինքն՝ իրեն հարցաքննել են ՔԿ-ում, իր ցուցմունքից հետո հերքում։ Սարոյանի «պարզաբանմանը» տուժող կողմը ևս թերահավատորեն մոտեցավ։ Վկան նշեց, որ իր վերադասն իրեն ասել է՝ տեղեկությունը տրամադրել տեղեկագրի համաձայն, հրահանգ չի եղել Մխիթար Կարապետյանի կողզմից փոխանցված տեղեկությունը հայտնելու։
Հարցին՝ ինչո՞ւ է ինքնագլուխ, առանց վերադասից համաձայնություն ստանալու Մխիթար Կարապետյանի փոխանցած տեղեկատվությունը ներկայացրել հանրությանը՝ Սարոյանը պատասխանեց, թե ցանկանում էր այնպիսի ինֆորմացիա չլիներ, որ իրեն հարցնեին, ինքը չկարողանար պատասխանել, ի պաշտոնե՝ տեղեկատվության հավաքագրումը նաև իրեն է վերաբերում։ Վկան ծանոթ է եղել կառավարության նիստին, լսել է հնչեցված գնահատականները։
Անդրադառնալով Հանրային ՀԸ-ում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից առաջ եղած խոսակցություններին՝ Արսեն Սարոյանն ասաց. «Պետրոսն ասաց, որ եթե մի բան էն չլինի, համարեք, որ ինչ–որ բան ճիշտ չեք ասել, ձայնագրությունից հետո կնայեք, կարող ենք մոնտաժել, քանի որ ուղիղ եթեր չի, բայց մոնտաժի հարց չեղավ։ Ես միտում չեմ ունեցել, եթե պիտի սխալ բան ասեի, հենա չէի ասի։ Կամ եթե հետո հասկանայի, որ ճիշտ տեղեկատվություն չեմ տվել, կասեի՝ Պետրոս, ոնց որ սխալ բան ասեցի։ Ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածել»։ Վկան չհստակեցրեց՝ իրավունք ունե՞ին ՓԾ ծառայողները դուրս բերելու մարմինները, թե՝ ոչ, նշեց՝ չգիտի, բայց գիտի, որ նրանք են հանել, ինքն ի պաշտոնե որևէ տեղեկատվություն չի կարող ունենալ՝ հրդեհաշիջման գործընթացի վերաբերյալ։ Տուժող կողմի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը վկայից նաև հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է իրեն օգտագործել են կեղծ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու համար, ինչին ի պատասխան Սարոյանը պնդեց՝ սխալ է հասկացել իրեն փոխանցված տեղեկությունը: Իրավիճակը լարվեց տուժողների իրավահաջորդների հարցերից հետո։ Ծնողներից մեկը հարցրեց՝ երբվանից է հասկացել, որ սխալ է ընկալել՝ գնդապետը նշեց, որ զինծառայողի խոսելուց հետո։
«Երբ ծնողներն աղմուկ հանեցին, հնարավոր է՝ մեկը զանգել ասել է՝ էս ինչ ասեցիր։ Ենթադրել եք, որ Մխիթար Կարապետյանն ինչ ասել է՝ ճիշտ է եղել։ Զինծառայողներից մեկն էլ դուրս եկավ, ասաց՝ որ իրեն թվում էր միայնակ է, որևէ ձայն չի եղել»,-ասաց ծնողներից մեկը՝ արձանագրելով, որ երկու զինծառայող հակասական բան է ասել, ինչու է որոշել, որ ճիշտը մյուսն է։
Ծնողներից մեկն էլ արձանագրեց․ «Ո՞նց եղավ, որ Արգիշտի Քյարամյանն ու Աննա Վարդապետյանը կողքիդ նստած՝ Պետրոս Ղազարյանն էլ ասաց՝ սենց կասես, դու ասացիր, նրանք էլ հավանություն տվեցին: Հլը ասա դա: Նույն բանն այնտեղ ասացիր, Քյարամյանն ու Վարդապետյանը գլուխները տարուբերեցին, հավանություն տվեցին, Փաշինյանն էլ ծափ տվեց, հլը մի հատ պատասխանի, ինչի՞ համար սուտ խոսեցիր: Եքա մարդ ես, գնդապետ, ո՞նց թե՝ «սխալ ընկալեցի»։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։
Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան