Նախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար

«Գեղարդ» վերլուծական․

Ղարաբաղում մի շարք ուղղություններով հնագիտական հետազոտություններ են իրականացվելու, այդ թվում՝ «Խոջալուի բրոնզե դար», «Ազոխ-Թաղլարի պալեոլիթյան հուշարձաններ», «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրություն» և այլն։ Այդ մասին է նշել Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը։ Ըստ նրա՝ շուտով «ազատագրված տարածքներում» սկսելու են աշխատել միջազգային հնագիտական արշավախմբեր։

Հնագիտական աշխատանքների այս ուղղությունների ընդգծումն Ադրբեջանի՝ պատմության վերաշարադրման ու նոր անցյալ ստեղծելու քաղաքականության արտացոլումն է, որի արմատները ձգվում են դեռևս խորհրդային շրջան՝ 1930-ական թվականներ։ Հասկանալի է, որ «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրությունը» ծառայելու է Արցախում հայկական մշակութային ժառանգությունն աղվանական-ուդիական ներկայացնելու և յուրացնելու քաղաքականությանը։ Այսինքն՝ «գիտականորեն» ներկայացնել Արցախի ողջ քրիստոնեական ժառանգության աղվանական, հետևաբար՝ ադրբեջանական լինելը։

Ադրբեջանական «պատմագրությունը» երբեք չի բավարարվել Աղվանքի կամ Ատրպատականի հետ ժառանգական կապ հորինելով և փորձում է ավելի հեռուն գնալ՝ «յուրացնելով և ադրբեջանականացնելով» նաև նախամարդուն։

Արցախում գտնվող հնագիտական կարևորագույն նշանակություն ունեցող Ազոխի քարանձավում 1960-1970-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է նախամարդու ծնոտ։ Ըստ ադրբեջանական պատմագրության որոշ ներկայացուցիչների՝ ծնոտը պատկանում է առաջին ադրբեջանցուն։

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն Քարիմ Շուքուրովի երևակայությամբ՝ «Ադրբեջանի բարենպաստ բնական ու աշխարհագրական միջավայրն այն դարձրել է աշխարհում առաջին մարդաբնակ վայրերից մեկը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ հոմո հաբիլիսը («հմուտ մարդ») այստեղ է հաստատվել 2-2․5 միլիոն տարի առաջ։ Այսպես սկսվում է Ադրբեջանի պատմությունը»։

2021 թվականի մարտին Իլհամ Ալիևն ընտանիքի հետ այցելել էր Ազոխի քարանձավ, որի մուտքի մոտ հայտարարել էր․ «Սա մարդու հնագույն բնակավայրերից մեկն է աշխարհում և պատկանում է Ադրբեջանի պատմությանը»։ Այնուհետև նա «ապօրինի պեղումների» մեջ մեղադրել էր հայ և օտարերկրյա հնագետներին՝ հայտարարելով, որ «հայերը վնասել են մեր պատմական ժառանգությունը» և այսուհետ «միայն ադրբեջանցի գիտնականներն ու նրանց հրավիրած օտարերկրյա գործընկերներն ուսումնասիրություն կանեն այստեղ»։

Ի հակադրություն ադրբեջանական պատմագրության կեղծ մտավարժանքների՝ 2023 թվականի սեպտեմբերին Central Asian Survey հեղինակավոր գիտական ամսագրում լույս է տեսել Պոտսդամի և Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի «Նախամարդն ադրբեջանցի ազգայնակա՞ն էր․ նախապատմության մոբիլիզացիան և ազգաշինությունն Ադրբեջանում» վերնագրով հոդվածը։

Բաքվից ոչ հեռու Գոբուստանի թանգարանում իրականացրած դաշտային աշխատանքների արդյունքում գրված հոդվածի սկզբում Ռոզենբերգը նշում է, որ «ազգակերտման բազմաթիվ նախագծեր գնում են դեպի պատմության խորքը, վերակառուցում այն, հավակնություն ներկայացնում հնագույն քաղաքակրթությունների նկատմանբ, անգամ չեղած պատմություններ հորինում, բայց Գոբուստանի թանգարանն ու դրա հետ կապված պատմությունը խելամտության ցանկացած սահմանից դուրս են»։

Գոբուստանի թանգարանի մոտ գտնվող հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 17 հազար տարվա հնության քարանձավային ժայռապատկերներ ու փորագրություններ։ Հեղինակին զարմացրել է այն, թե ինչու՞ են 17 հազար տարի առաջ քարանձավում փորագրություն արած մարդուն Ադրբեջանում ադրբեջանցի համարում։ Հոդվածի սկզբում գիտնականը ներկայացնում է, որ ադրբեջանցիների համար պատմության ստեղծումն սկսվել է դեռ խորհրդային շրջանից, և խնդիրը դիտարկում է ազգակերտման երևույթի շրջանակում։ Ըստ Ռոզենբերգի՝ Ադրբեջանում գոբուստանցի քարանձավաբնակին ադրբեջանցի են համարում՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ և հայերից ավելի հին ներկայանալու ձգտումով։

«Ադրբեջանցիներն օգտագործում են Գոբուստանի հնագիտական գտածոներն՝ ապացուցելու իրենց բնիկությունը տարածաշրջանում և պնդելու, որ տարածքի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչներն են, և որ հայերը շատ ավելի ուշ են եկել այդտեղ»,- նշում է հոդվածագիրը։

Հեղինակն ընդգծում է, որ քաղաքական նպատակներով հնագիտությունը կարող է օգտագործվել ոչ միայն խմբի ինքնությունն ուժեղացնելու համար, այլև՝ անգամ ցեղասպանության, էթնիկ զտումների ու այլ վայրագությունների արդարացման պատճառ դառնալ։

Ռոզենբերգը նշում է, որ Գոբուստանի թանգարանի աշխատակիցների, այցելուների կարծիքով, այդ տարածքում ապրած նախամարդիկ ադրբեջանցիների նախահայրերն են եղել, իսկ ոմանք անգամ նախամարդկանց ադրբեջանցի են անվանում։ Այս պնդումը տարածված է նաև ադրբեջանցի հետազոտողների ու պատմաբանների շրջանում․ վերջիններս չեն կաշկանդվում նշել, որ նախամարդն ադրբեջանցի է։ Ռոզենբերգը գրում է, որ, ըստ ադրբեջանցիների, եթե նախամարդու մնացորդը հայտնաբերվել է Ադրբեջանի տարածքում, դա արդեն բավարար ապացույց է՝ նրան ադրբեջանցիների հետ կապելու համար։

Հետազոտողը գտնում է, որ Գոբուստանի թանգարանը ծառայում է քաղաքական նպատակի՝ ապացուցելու, որ հայերը սխալ են, և որ ադրբեջանցիներն են տարածքի առաջին մարդիկ։

Այսպիսով՝ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Մեծ Թաղեր գյուղերի տարածքում գտնվող քարանձավային համալիրները քարոզչական կարևոր դեր են խաղում Ադրբեջանում։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը կանոնավոր տուրեր է կազմակերպում արտասահմանցի ճանապարհորդների, զբոսաշրջիկների, լրագրողների և այլ անձանց համար՝ կանգառի կետերից մեկն ընտրելով Ազոխի քարանձավը։ Այդտեղ նրանց պատմում են «Ադրբեջանի տարածքում հնագույն մարդու բնակության» և «հայերի կողմից անօրինական պեղումների» մասին։

Եթե ադրբեջանցի «հնագետ» Ֆարհադ Գուլիևն ասում է, որ իբր «հնագիտական հուշարձանների քարտեզն ապացուցում է, թե Ադրբեջանի հարուստ պատմությունն ու մշակույթը հասնում է Քարի դար», ապա չենք զարմանա, որ մի օր ադրբեջանցի «մասնագետները» հայտարարեն՝ նախամարդիկ խոսել են ադրբեջաներեն և քարանձավների պատերին փորագրել Ալիևներին գովերգող տեսարաններ։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am