Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am

Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

«Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։

Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։

Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։

«Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։

Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։

2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։

Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։

Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են: 

Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։

«Շիկահող» պետական արգելոցը Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշթղայի հյուսիսարևելյան լանջերին է՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազանում։ Այն ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ։

Նպատակը Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև հարավային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունն են եղել։

Արգելոցի տարածքը 12371.1 հա է։ Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին:

Արգելոցի կանոնադրության համաձայն՝ այստեղ արգելվում է ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը։

Տարածքի մոտ 94 տոկոսն անտառածածկ է։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հարուստ է նաև կենդանական աշխարհը, իսկ կարմիրգրքյան կենդանատեսակներից այստեղ հանդիպում են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, գորշ արջը, կովկասյան մարեհավը, կասպիական հնդկահավը, հայկական իժը և այլ տեսակներ։

Արգելոցի պահպանվող օբյեկտները հենց կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցություններն են, կենու և սոսու պուրակները։

Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։

«Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:

«Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Նախարարին նաև հարցրել էինք, թե ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները:

«Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրությամբ խնդրեցինք տեղեկացնել՝ արդյոք

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարզել է, թե Շիկահողի արգելոցի տարածքի որքան հատվածն է անցել հակառակորդին։ Կամ՝ արդյոք հանձնաժողովը քննարկել է Շիկահողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար անտառի հատման հարցը։

Վարչապետին նաև հարցրել ենք, թե Ադրբեջանի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ է քննարկվել Շիկահողի արգելոցի տարածքի գրավված տարածքների վերադարձման հարցը, ի՞նչ արդյունքներ կան։ Արդյոք դիմել են որևէ միջազգային կառույցի՝ Շիկահողի արգելոցի տարածքում անտառահատումները կանխելու և խախտված կենսաբազմազանությունը վերականգնելու համար։

Մեր գրությունը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:

Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը պատասխանել է մեր հարցմանը, սակայն չի անդրադարձել Շիկահողի արգելոցին և այնտեղ հատվող անտառներին, այլ միայն՝ սահմանազատմանը և վկայակոչել է երկու երկրների հանձնաժողովների բոլոր հանդիպումների արդյունքների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունները: Մասնավորապես, հայտնել է, որ երկու երկրների հանձնաժողովների 2025 թվականի հունվարի 16-ի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Արդյունքում հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել»,- նշել է Էդգար Մկրտչյանը:

«Հետքը» այս թեմայով հարցումներ է ուղարկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլին: Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am