Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am

Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

«Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։

Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։

Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։

«Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։

Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։

2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։

Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։

Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են: 

Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։

«Շիկահող» պետական արգելոցը Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշթղայի հյուսիսարևելյան լանջերին է՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազանում։ Այն ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ։

Նպատակը Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև հարավային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունն են եղել։

Արգելոցի տարածքը 12371.1 հա է։ Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին:

Արգելոցի կանոնադրության համաձայն՝ այստեղ արգելվում է ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը։

Տարածքի մոտ 94 տոկոսն անտառածածկ է։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հարուստ է նաև կենդանական աշխարհը, իսկ կարմիրգրքյան կենդանատեսակներից այստեղ հանդիպում են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, գորշ արջը, կովկասյան մարեհավը, կասպիական հնդկահավը, հայկական իժը և այլ տեսակներ։

Արգելոցի պահպանվող օբյեկտները հենց կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցություններն են, կենու և սոսու պուրակները։

Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։

«Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:

«Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Նախարարին նաև հարցրել էինք, թե ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները:

«Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրությամբ խնդրեցինք տեղեկացնել՝ արդյոք

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարզել է, թե Շիկահողի արգելոցի տարածքի որքան հատվածն է անցել հակառակորդին։ Կամ՝ արդյոք հանձնաժողովը քննարկել է Շիկահողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար անտառի հատման հարցը։

Վարչապետին նաև հարցրել ենք, թե Ադրբեջանի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ է քննարկվել Շիկահողի արգելոցի տարածքի գրավված տարածքների վերադարձման հարցը, ի՞նչ արդյունքներ կան։ Արդյոք դիմել են որևէ միջազգային կառույցի՝ Շիկահողի արգելոցի տարածքում անտառահատումները կանխելու և խախտված կենսաբազմազանությունը վերականգնելու համար։

Մեր գրությունը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:

Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը պատասխանել է մեր հարցմանը, սակայն չի անդրադարձել Շիկահողի արգելոցին և այնտեղ հատվող անտառներին, այլ միայն՝ սահմանազատմանը և վկայակոչել է երկու երկրների հանձնաժողովների բոլոր հանդիպումների արդյունքների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունները: Մասնավորապես, հայտնել է, որ երկու երկրների հանձնաժողովների 2025 թվականի հունվարի 16-ի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Արդյունքում հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել»,- նշել է Էդգար Մկրտչյանը:

«Հետքը» այս թեմայով հարցումներ է ուղարկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլին: Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ գողացված ապագա է․ Մհեր Մելքոնյան Հասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Սուրենյանց Կիպրոսում ձերբակալել են ադրբեջանցու, որին կասկածում են Իրանի հանաձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. ամերիկագետ Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից․ Ռաիսի Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան Իսրայելը շտապ կերպով փակում է օդային տարածքը ԱՄՆ-ն այս գիշեր հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ինչպես է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանն աջակցում Փաշինյանի թեզերին Հայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Մաս 2 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի աջակցո՞ւմ Սամվել Կարապետյանին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան Նրանք վախենում են մեզանից․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դրա ուղղակի ապացույցն է․ Արամ Գաբրելյանով Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Իրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ին՝ Կուրսկի շրջանի վերականգնման գործում աջակցության համար Որքան Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումը մեծանա, այնքան գործողությունները կոշտ են լինելու․ ընդդիմադիրները պետք է պատրաստ լինեն․ Հակոբ Հակոբյան Սամվել Կարապետյանը, թերևս, արել է իր ամենակարևոր հայտարարությունը․ Սուրեն Սուրենյանց Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am