Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Գերմիանիայի հաղթանակը Հայրենական պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու էր

Մեզ համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գերմանիան ուներ ծրագիր, մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և՛ Հայաստանից, և՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարությանն անդրադարձել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանյան հանրությանը մատուցվում է «ինքնիշխան» բանավեճ՝ Գերմանիայի հաղթելն էր Հայաստանի համար լավ, թե՞ այդուհանդերձ՝ ԽՍՀՄ հաղթանակը:
«Այդ «բանավեճն» ուղեկցվում է նաեւ ինչ որ պատմական փաստաթղթրի հրապարակումով, ստեղծելով տպավորություն, որ, թեեւ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դեռ մի կարգին չի էլ ստեղծվել, բայց ըստ էության գործել է դեռ երկրորդ աշխարհամաիտի տարիներից եւ հայ ժողովրդի տրամադրության տակ ուզած պահին կարող է դնել ուզածդ փաստաթուղթը Գերմանիայի, ԽՍՀՄ-ի, կամ պատերազմի մասնակից ցանկացախ երկրի գլխավոր շտաբների ու այլ մարտական ստորաբաժանումների ամենախորը գզրոցներից անգամ:
Իսկապես, շատ «խորը ինքնիշխան» զբաղմունք են մատուցում հայ ժողովրդին:
Մինչդեռ կան պարզապես փաստեր, որ, իհարկե բոլորովին ոչ անկախ պետականությամբ, բայց այդուհանդերձ պետականության թեկուզ նվազագույն մի կարգավիճակով, հայ ժողովուրդը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում, ու այդ կազմում մասնակցել է երկրորդ աշխարհամարտին, եղել է հաղթող կողմում, ունեցել է հաղթանակի հարցում շատ մեծ ու տպավորիչ թե քանակական, թե որակական մասնակցություն, որպիսին ունենալու եւ ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի ժամանակ բոլորի աչքը մտցնելու հնարավորություն կփնտրեին շատ ու շատ այլ ժողովուրդներ ու պետություններ»,- գրել է նա։