Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին

Չնայած գործունեության նախորդ ոչ ամբողջական 7 տարիներին Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասցրել են հեղափոխական տեմպերով ավելացնել պետական պարտքը, այսօր էլ նրանք շարունակում են ակտիվությամբ պետության վրա նոր պարտքային պարտավորություններ կուտակել։

Ընդամենը մեկ ամիս առաջ թանկարժեք եվրոպարտատոմսերի թողարկումով 750 մլն դոլարով ավելացրեցին պարտքը։ Հիմա էլ պատրաստվում են 102 մլն եվրո կամ 111 մլն դոլարին համարժեք պարտք վերցնել՝ համապարփակ առողջության ապահովագրության ներդրման անվան տակ։ Առողջության ապահովագրության համակարգը Հայաստանում վաղուց պիտի ներդրած լինեին։ Մինչև հիմա ներդրված չէ. Նախկինում հայտարարած բոլոր ժամկետները տապալել են։ Նույնիսկ ապահովագրության մասին օրենքը չեն ընդունել, որը նախատեսել էին ընդունել 2023թ. վերջին։

Առողջության ապահովագրության մասին օրենք չկա, բայց 102 մլն եվրո վարկ են վերցնում։ Վարկ են վերցնում մի բանի համար, որի օրենսդրական հիմքերն անգամ չեն ստեղծել։ Առանց որի՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս, ինչի՞ վրա են ծախսվելու այդ գումարները։ Ու եթե օրենքը չընդունվի, ստացվելու է, որ անիմաստ պետությանը դրել են հերթական խոշոր վարկային պարտավորության տակ։

Առողջության ապահովագրության ներդրման իրենց խոստացած բոլոր հնարավոր ժամկետները վաղուց անցել են։

Դեռևս 2023թ. սկզբին կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարության կողմից ներկայացված համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգին։ Համակարգի ներդրումը խոստացել էին կառավարության ծրագրով։ 2023թ. համարել էին նախապատրաստական տարի. պիտի ստեղծեին անհրաժեշտ բազա բժշկական ապահովագրության ներդրման համար։ 2027թ. արդեն պարտադիր ապահովագրության ծածկույթում պետք է ընդգրկված լիներ ամբողջ բնակչությունը։

Դրան հասնելու համար նախատեսել էին համակարգի ներդրումը մեկնարկել 2024թ. կեսերին։ 2024թ. կեսերից այն պիտի սկսեր գործել։ Հաջորդ տարի արդեն դրանում պիտի ընդգրկվեին սոցիալական խոցելի խմբերը։ Այդ նպատակով նույնիսկ 18 մլրդ դրամ էին հատկացրել բյուջեում։

Բայց բժշկական ապահովագրության ոչ մի համակարգ էլ 2024թ. չներդրվեց։ Անգամ օրենք չկարողացան ընդունել։ Հատկացված գումարները ծախսեցին այլ նպատակներով, որովհետև առողջապահության համակարգում ֆինանսական խնդիրներ էին առաջացել, պարտքեր էին կուտակվել բժշկական հիմնարկների կողմից «օֆերտայի» շրջանակներում քաղաքացիներին մատուցած ծառայությունների դիմաց։

Պարտքերը մարելու համար՝ անցած տարի հրաժարվեցին բժշկական ապահովագրության ներդրումից։ Փող չլինելու պատճառով՝ չներդրեցին նաև այս տարի։ Ու քանի որ հաջորդ տարի էլ բյուջեում այդքան փող չի լինելու, որոշել են պարտքերով անել, որպեսզի սպասվող հերթական ընտրություններից առաջ ցույց տան, թե իրենց խոստումը կատարել են, առողջության ապահովագրություն են ներդրել, չնայած պետք է ներդրած լինեին արդեն 2024թ.։

Դեռևս անհայտ է սակայն, թե ինչպես է ծախսվելու որպես պարտք վերցվող 102 մլն եվրոն։ Գումարի ծախսման ուղղությունները կարող են հստակեցվել միայն բժշկական ապահովագրության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, իսկ օրենքը դեռևս Ազգային ժողով չի հասել։ Ինչպես միշտ, գումարները կծախսեն, իսկ դրված նպատակին կարող ենք անգամ չմոտենալ։

Ամեն անիմաստ բանի վրա բյուջեից միլիոններ ու միլիարդներ կվատնեն, իսկ երբ հարցը հասնում է սոցիալական ծրագրերին, պարզվում է՝ փող չկա, վազում են, պարտքեր են վերցնում։ Այսպես են ժողովրդին լավություն անում։ Չնայած դեռ մեծ հարց է՝ առողջության ապահովագրության ներդրումով ավելի շատ լավությո՞ւն, թե՞ վատություն են անելու։

Ապահովագրավճարների այն մեխանիզմը, որը պատրաստվում են կիրառել, լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ենթադրում շատերի համար։ Այդ գումարները դուրս են գալու քաղաքացիների գրպանից։ Թե՛ 2 միլիոն, և թե՛ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը բժշկական ապահովագրության համար վճարելու են գրեթե նույնքան ապահովագրավճար։

Այդպես է, որովհետև հրաժարվել են ապահովագրավճարներին սոցիալական բնույթ տալ։ Իրենց սիրած համահարթ սկզբունքն են որոշել կիրառել, որպեսզի իրենց բարձր աշխատավարձերից շատ գումարներ չվճարեն։

Ամենաթարմ հաշվարկներով, տարեկան ապահովագրավճարի չափն աշխատող քաղաքացիների համար կկազմի ընդհուպ 165-170 հազար դրամ։ Ամեն տարի այդ գումարը կարող է փոխվել ու բարձրանալ։ Չնայած եղածն էլ բավական է՝ հասկանալու, որ սա լրացուցիչ ֆինանսական ծանր բեռ է լինելու շատերի համար։ Դժվար չէ պատկերացնել, թե ամսական 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն ինչքան ֆինանսական միջոցներ է կորցնելու բժշկական ապահովագրության համար։ Դեռ չհաշված, որ ընտանիքում կարող են լինել նաև չաշխատողներ, որոնց համար ևս պետք է ապահովագրավճար վճարվի։

Որքան էլ բժշկական ապրահովագրությունը նախընտրելի է առողջապահական խնդիրները լուծելու համար, շատ կարևոր է դրա սոցիալական բաղադրիչի ճիշտ հասցեագրումը, հատկապես մի երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսն աղքատ է։ Այդպիսի պայմաններում նախընտրելի է սոցիալական արդարության վրա ձևավորվող ապահովագրավճարների մեխանիզմի կիրառումը, որին, սակայն, դեմ են իշխանությունները։ Միայն թե իրենց բարձր աշխատավարձերից մազ չպակասի՝ նախընտրում են պետությանը հերթական խոշոր վարկերի տակ դնել։

102 մլն եվրո պարտքը ծանրանալու է պետական բյուջեի վրա, որի օգտագործման նպատակն ու արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Այսօր առողջապահության ոլորտում թերություններն ու բացերն այնքան բազմազան են, որ հանպատրաստից համընդհանուր ապահովագրությանն անցնելը շատ արագ կարող է պայթեցնել ամբողջ համակարգը։

Նույնիսկ պարզ ու հասարակ բարեփոխումները չեն կարողանում գլուխ բերել, համապարփակ ապահովագրություն են ներդնում։ Առողջապահության համակարգը, առավել ևս՝ դրան պատրաստ չէ, ու հազիվ էլ թե կարճ ժամանակում կարողանան պատրաստել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.a

 

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am