Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն

  Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Կառավարության՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշման առնչությամբ։

Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների ղեկավարների միջև քննարկումներ են ընթացել մեդիային պետական աջակցություն ցուցաբերելու և այդ նպատակով մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Այդ գաղափարը լավագույնս իրագործելու նպատակով մեր կողմից կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար օպտիմալ մոդել մշակելու տեսանկյունից։ Ցավոք, վերոհիշյալ գործընթացը դադարեցվեց, իսկ այն վերսկսելու մեր փորձերին իշխանությունն առայժմ չի արձագանքել։  Փոխարենը Կառավարությունն առանց պատշաճ քննարկումների ընդունում է անակնկալ որոշում՝ միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիային աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս գաղափարը որևէ կապ չունի նախորդ գործընթացների հետ, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունը։

Դեռևս 2022 թվականին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ԶԼՄ-ների հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտին վերաբերող որոշում կյանքի չի կոչվի առանց մասնագիտական հասարակական կառույցների հետ քննարկման և գործակցության։ Այդ առնչությամբ ստորագրվել է եռակողմ հուշագիր ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 10 լրագրողական կազմակերպությունների միջև։ Ընդ որում, այդ փաստաթղթի տակ Արդարադատության նախարարության՝ որպես մեդիայի հարցերով պրոֆիլային մարմնի ստորագրությունը ենթադրում էր, որ տվյալ կառույցը ներկայացնում է Կառավարությունը, սակայն իրականում ստացվում է, որ Հուշագրի դրույթներին որոշ չափով հետևում է միայն այդ նախարարությունը։ Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեդիա ոլորտում հետևողական, հայեցակարգային քաղաքականություն իրականացնելու և օրենսդրական բարեփոխումներ կատարելու վրա։

Մենք արձանագրում ենք, որ Կառավարության վերոհիշյալ որոշման ընդունմամբ իշխանությունը խախտել է Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունը, ինչն առաջին դեպքը չէ. նույնը տեղի է ունեցել անցյալ տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե ստեղծելու և դրան նախորդող օրենսդրական փոփոխությունների գործընթացում։

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշումը, ինչպես նաև ինդուստրաիալ կոմիտեի ձևավորման օրենսդրական կարգավորումները պետք է դառնային մեդիա ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներ և արդիական հայեցակարգային մոտեցումների արդյունք։ Վերջիններս, իրենց հերթին, ենթադրում են միջազգային միտումներին համահունչ ներառական գործընթացներ և տեխնոլոգիական հարթակների միջև ընտրողականության բացառում։ Մինչդեռ երկու դեպքում էլ նախաձեռնությունները հասցեագրված են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին։

Մենք կարևորում ենք հանրօգուտ բովանդակության լայն տարածմանը նպաստելու և այդ նպատակով աջակցություն տրամադրելու պետության պատրաստակամությունը, հատկապես ԱՄՆ միջազգային աջակցության կտրուկ նվազեցման պայմաններում, սակայն հաշվի առնելով նաև լսարանի սպառողական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին։

Մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար գոյություն ունի Հանրային հեռուստառադիոընկերություն, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն բավարար կերպով չի կատարում իր այդ առաքելությունը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառները, և արդյո՞ք դրանց հաղթահարմամբ չէ, որ պետք է զբաղվել առաջնահերթ։ Կամ եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ։

Բացի այդ, ըստ օրենքի, լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերությունները մրցույթների միջոցով արդեն իսկ ստացել են արտոնություններ, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք, և դրա դիմաց պարտավորված են ապահովել մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոս ծավալով, և հիմա ենթադրվում է գումարներ հատկացնել այն գործառույթի համար, որն այդ ընկերությունները պարտավոր են իրականացնել օրենսդրորեն և որն ի սկզբանե լիցենզիա ստանալու պայման է եղել։

Նշված խնդիրների հիմքում մեդիա ոլորտի օրենսդրության նկատմամբ հատվածային, ոչ հայեցակարգային վերաբերմունքն է։ Այն դրսևորվել է, մասնավորապես, 2020թ․ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում՝ հանրային մուլտիպլեքսի ձևավորմանը և վերգետնյա հեռարձակման համար թվային ծառայություններին վերաբերող անարդյունավետ լուծումներով, որոնց մասին այն ժամանակ էլ բարձրաձայնում էինք։ Ցավոք, այսօր էլ նույն միտումների ականատեսն ենք դառնում։

Ակնհայտ է նաև մեկ այլ էական հանգամանք․ հիմնադրամի կանոնադրության նախագծի մեջ մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա կյանքի կոչվելու այսօրվա բևեռացված հեռարձակման ոլորտում։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը․

ժամանակավորապես կասեցնել ապրիլի 17-ին ընդունված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման կատարումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները,
նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ՝ այդ որոշման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը վերլուծելու նպատակով,
հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ մշակել՝ ամբողջ մեդիաոլորտի զարգացման և այդ նպատակով պետական աջակցություն իրականացնելու համար։
 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ  

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ավինյանը խայտառակ ինքնախոստովանություն է արել․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ. Հազարավոր ադրբեջանցիներ կարող են լցվել Սյունիք,իսկ զորքեր մտցնելու որոշումը կկայացվի՞. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանը շտապում է Թուրքիա՝ Էրդողանին համոզելու, որ… (video) Փաշինյանը կկրկնի իր տխրահռչակ իդեալի ճակատագիրը․ Նաիրա Զոհրաբյան (video) Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am