«Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանը շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, սակայն ակնկալել, որ այդ կարգավորումը կարճ ժամանակում տեղի կունենա, իրատեսական չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ամերիկյան կողմի հետ շփումները շարունակում ենք տարբեր ուղիներով։ Հակամարտության կարգավորման խնդիրն այնքան բարդ է, որ իհարկե, պետք չէ այն «տեղավորել» կարճ ժամկետներում և փորձել կենսունակ կարգավորման հասնել կարճ ժամանակում, դա անշնորհակալ գործ է, սակայն աշխատանք, իհարկե, տարվում է»,- ասել է Պեսկովը՝ «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ և վարող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Այսպես է ՌԴ նախագահի մամուլի խոսնակն արձագանքել ԱՄՆ-ից հնչող հայտարարություններին, համաձայն որոնց մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են հակամարտության կարգավորման շուրջ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերել։
Պեսկովն այս համատեքստում հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ կան բարդ խնդիրներ՝ կապված, օրինակ, ուկրաինական կողմի առաջարկի հետ՝ որպես Զատկի հրադադարի շարունակություն, հրաժարվել քաղաքացիական նթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց։
«ՌԴ նախագահն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկել, այդ թվում՝ քննարկել երկկողմ ձևաչափով, ես նկատի ունեմ՝ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։