Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու․ եթե դատում եք՝ դատեք ճիշտ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն աուդիոուղերձ է հղել Բաքվի բանտից՝ անդրադառնալով հացադուլ անելու իր որոշմանը․
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:
Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից:
Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:
Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»,- ասել է նա: