«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք հետևյալ կոնտեքստում՝ արդարացվա՞ծ են տարբեր հարկատեսակների բարձրացումները: Նա նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հավելում է՝ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ ոսկերչության ու հագուստի ոլորտների նկատմամբ կիրառվելու են նույն դրույքաչափերը, նույն մոտեցումները, ինչն, ըստ նրա, անտրամաբանական է և անարդար: «Կամ, օրինակ՝ կառավարությունն, ըստ իր հռչակած նպատակների, փորձում է ապահովել փաստաթղթավորում: Սակայն այդ փաստաթղթավորման ապահովման հիմնական բեռը դրվում է փոքր ու միջին բիզնեսի վաճառականների վրա, որոնք մեծ ազդեցություն չունեն մատակարարների, արտադրողների վրա: Այնպես չէ, որ մեր շուկայում կան հազարավոր այդպիսի մատակարարներ, կազմակերպություններ, որոնք կարող են թղթով ապրանք վերցնել: Բացի դա, մի շարք ոլորտներում պետության անարդյունավետ կամ անկատար գործունեության հետևանքով ունենք մեծ քանակությամբ մաքսանենգություն, օրինակ՝ նույն ոսկերչության պարագայում: Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ, ոսկե ձուլակտորներ են գալիս մաքսանենգ ճանապարհով, այս պայմաններում շուկայում ստեղծում են որոշակի բաց՝ առանց փաստաթուղթ էժան ապրանք, որը խաթարում է մրցակցությունը, և այն վաճառականը, որը կորոշի թղթով աշխատել, ուղղակի շուկայից դուրս կմնա: Կան մի շարք այլ գործոններ ևս, օրինակ՝ Հայաստանում շատ քիչ արտադրամասեր կան, որոնք լինցենզավոված են կամ գործում են որպես ոսկերչական արտադրամաս: Մեծ մասը ձևակերպված են որպես ծառայություններ մատուցողներ, որովհետև նրանց առաջադրվող պահանջներն ավելի մեղմ են, քան արտադրամասին առաջադրվող պահանջները: Բազմաթիվ հարցեր կան արտադրության, մատակարարման ոլորտներում, բայց այս ամենի լուծումը նրանք տեսնում են մանր ու միջին առևտրականներին հարկելու միջոցով: Սա անարդար ու անհասկանալի իրավիճակ է: Նման իրավիճակներ են նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հագուստի վաճառքը, հանրային սնունդը: Հանրային սննդի դեպքում ևս հարկային բեռը բարձրացվում է մինչև 12 տոկոս այն տրամաբանությամբ, որ պետք է փաստաթղթավորում ապահովեն: Գաղտնիք չէ, որ շուկայից մեծ քանակությամբ հանրային սննդի ապրանքներ են ձեռք բերվում, որոնք բավարար փաստաթղթավորված չեն: Սա ևս խնդիր է առաջացնում: Նման իրավիճակ ունենք հագուստի ոլորտում: Այս ոլորտում ՊԵԿ-ը հաճախ չի ընդունում ներկրողների փաստաթղթերը՝ անվանելով դրանք ոչ արժանահավատ և այլն: Եվ հիմա նրանք ստիպված են լինելու ավելի շատ վճարել դրա համար: Այս ամենն արվում է զուտ բյուջեն լցնելու, ստվերը կրճատելու նպատակով, սա չի արվում տնտեսական քաղաքականությունը բարելավելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով: Մինչդեռ սա պետք է լիներ նպատակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:

Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որի վարկանիշը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս՝ ոչ պոպուլ յար քայլերով իրեն դնում է էլ ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսության վիճակն այսքան վա՞տ է: «Գործող իշխանությունները հարկային դրույքաչափերի աճը պայմանավորում են նրանով, որ տնտեսության մեջ կա հարկային ճեղք, այսինքն՝ որոշակի չհավաքագրված հարկեր, դրանք պետք է հավաքագրել: Իսկ դրա նպատակն այն է, որ հարկային եկամուտների մի զգալի մասն ապահովեն՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարեց հարկային եկամուտների հավաքագրումը՝ նախատեսվածից մոտ 220 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքագրվեց: Այս պահին նրանց փոփոխությունների գնալը պարտադրում է բյուջետային իրավիճակը:

Նրանք չեն կարողանում բյուջեի կատարողականն ապահովել, ստիպված են լրացուցիչ հարկեր հավաքագրել: Երկրորդ խնդիրն այն է, որ այս փոփոխություններն անելու պարագայում կարող են ակնկալել լրացուցիչ վարկեր: Տարբեր միջազգային կազմակերպություններ պարտադրում են այսպիսի փոփոխություններ անել, կրճատել հարկային ճեղքը, որ պետությունները կարողանան լրացուցիչ վարկ վերցնել: Անշուշտ, այստեղ անկազմակերպվածության և քաղաքական սխալ հաշվարկի հետ էլ գործ ունենք: Նրանց մի շարք ծրագրեր խնդրահարույց են, հանրության կողմից բացասական արձագանքներ կարող են ունենալ, դրանք կենտրոնացրել են 2025-2026 թվականների վրա: Պատահական չէ, որ, օրինակ՝ հայտարարագրումը հետաձգեցին մինչև նոյեմբեր՝ լարվածությունը մի քիչ թուլացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ծրագրեր կփորձեն վերանայել, հարկային եկամուտների կամ հարկային վարչարարության խստացման մասով որոշակի փոփոխության կգնան՝ փորձելով մեղմել իրավիճակը: Սա գործող իշխանությունների համար բավականին լուրջ գլխացավանք է դառնալու, նրանք չեն կարողանում խնդիրները համակարգված լուծել, և սրա արդյունքում պարբերաբար նմանատիպ խնդիրներ են լինելու»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը շարունակվում է արդեն 2 ժամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ Զախարովա. Տարօրինակ կլիներ տեսնել նացիստ Բերբոքի թոռնուհուն որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Լոռու մարզում անչափահաս տղայի են սպանել Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ Մեկ զոհ, երկու վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am