Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին
Գյումրիում իշխանությունների կողմից իրականացված «փրայմերիզը» հոժարությամբ չի ընդունվել քաղաքացիների կողմից, եղել են ընդվզումներ, արդյունքում` երկու տղամարդ հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` երկու տղամարդ այժմ մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նրանք տևական ժամանակ` շուրջ մեկ րոպե տևողությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ հայտարարություններ են արել, ինչով խոչընդոտվել է նաև Գյումրու համայնքի ժամանակավար պաշտոնակատարի ընտրությանն ընդառաջ իրականացվող նախընտրական «Փրայմերիզ»-ի իրականացումը: Տղամարդկանցից մեկը նախկինում դատվածություն ունեցել է:
Տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջց է կիրառվել տնային կալանքը, նրանցից մեկի դեպքում տնային կալանքը կիրառվել է համակցված գրավի հետ, մյուսի դեպքում` համակցված բացակայելու արգելքով: Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:
Հիշեցնենք, որ 2024թ դեկտեմբեր ամսին Գյումրիում փրայմերիզ է իրականացվել, ինչի արդյունքում Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:
