ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև երեկ սակրավորի վիրավորման մասին տարածվող տեղեկությունները։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մասնավորապես հայտնեց. «Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»։
Նշենք, որ MediaHub-ը գրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվում են։ Ավելին, Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, որի արդյունքում երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։
«Զինվորականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու նպատակով ականազերծում կատարելու ժամանակ, ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել։ Սակայն, ՊՆ-ն մինչ այս պահը ոչինչ չի հրապարակել այս մասին»,- ասել է Կարեն Ղազարյանը», - ասվում է կայքում։