Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նույն մեղադրանքով յոթ տարվա ազատազրկում է ստացել քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին։ Բացի այդ, նրանք դատապարտվել են խոշոր տուգանքի, որը չվճարելը կարող է հանգեցնել լրացուցիչ վեց ամսվա ազատազրկման։
Իմրան Խանը Պակիստանի կառավարությունը ղեկավարել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ արվեց 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանի անվստահության քվեից հետո։