Գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու հարկայինին. ումի՞ց թուղթ վերցնեմ.Ոսկու շուկայի աշխատակից

Ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր՝ հունվարի 13-ին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց խնդիրները. «Հիմա մեզ թուղթ են տվել, որ մեր սեղանի եղածը գույքագրենք. Համաձայն եմ, կառավարությունն ուզում է իմանալ, թե ամբողջ ՀՀ տարածքում ինչքան ոսկի կա մեր հարկատուների ձեռքին: Բայց գույքագրելուց հետո ես ունեմ 5 կգ ոսկի, հարկայինը եկավ, կշռեց, տեսավ 5,2 կգ է: Ինձ ասելու է՝ այդ 200 գրամի փաստաթուղթը ցույց տուր, ես էլ չունեմ: Չհաշված, որ 10 տոկոս շրջանառության հարկ պետք է մուծեմ, 20 տոկոս էլ տուգանք են մեր վրա դնում:
Կամ էլ գալու է, տեսնի, որ 5 կգ-ի փոխարեն 4,8 կգ է: Ասելու է՝ 200 գրամ վաճառել ես, պետությանը փող չես մուծել: Կամ գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու: Ումի՞ց ես թուղթ վերցնեմ, որ այդ 100 գրամը կարողանամ հիմնավորեմ:
Մեզ հետ ընդհանրապես քննարկում չի եղել: Մենք հաշվապահ չենք կարող պահել, եւ էլի շատ հարցեր կան: Այդ հարցերին պատասխանելու փոխարեն մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի, դու էլ ես առեւտուր անում, խանութն էլ: Խանութում գնորդը գալիս է, գնում է ասենք 100-դոլարանոց ապրանքը: Իսկ ես այնքան եմ սակարկում, որ ինձ թեկուզ չնչին գումար մնա: Կամ լոմ ոսկի վերցնողները ո՞նց են կարողանալու այդ ոսկին ինձ տալ, կարողանալու ենք փաստաթղթավորել, թե ոչ: Դա էլ է հարց: Կան բազում հարցեր, որոնք մեզ հետ չեն քննարկել: Կամ, օրինակ, կա ապրանք, որ 5 տարի չի վաճառվում, ես էլ ուզում եմ այդ ապրանքը քանդեմ, լոմ դարձնեմ: Դա ո՞նց եմ ձեւակերպելու»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ սա ինքնաբուխ հավաք է, հետագա քայլերը դեռ կորոշեն. «Եթե մեր առաջարկները չընդունեն, մենք իրավաբան կվարձենք եւ այդ ձեւով մեր առաջարկները կներկայացնենք կառավարությանը»,-ասացին նրանք:
news.am