Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թալան․ Իշխանությանը DELETE անելու կոդը՝ SIGN OUT

Նախկինների «թալանի» մասին պատումները, որը մեծագույն դեր ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հարցում, այսօր էլ իշխանության պահպանման քարոզչության հիմնասյուներից մեկն է։ Բայց քանի որ այն առաջվա նման մանթրայի դեր չի խաղում և կորցրել է նախկին փսիխոտիկ ազդեցությունը, Փաշինյանը թալանի մասին պատումն առարկայացնելու նոր ձևեր է մտածել։ Հիմա գրեթե ամեն օր «հատիկառհատիկ» կարգախոսով սոցիալական ցանցի իր էջում ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող որևէ գույքի՝ պետությանը վերադարձի մասին տեղեկություն՝ անպայման նշելով դրա արժեքը։

Պատումը պատում է հենց նրանով, որ այն ոչ թե ամբողջությամբ հորինված է, այլ պարունակում է ճշմարտության որոշակի չափաբաժին, որի հիման վրա կառուցվում է ողջ առասպելը։ Հենց այդպիսին է նաև թալանի մասին պատումը։ Դրա հիմքում կա ճշմարտության ինչ-որ չափաբաժին, այնքան, որ միանգամայն բավարար է պատումը լրիվ արժանահավատ դարձնելու համար։ Նախկինում ապօրինի թալանված գույքն այնքան է, որ կբավարարի մի քանի ամիս՝ ժամանակ առ ժամանակ հատիկ առ հատիկ ներկայացնելու համար։

Բայց տվյալ դեպքում խնդիրն այդ գույքի ծավալը կամ դրա միջոցով հարստացած հանցագործների քանակը չէ, դրանք ավելի կամ պակաս չափով առկա են բոլոր, այդ թվում՝ նաև ՔՊ-ական իշխանության շարքերում։ Կարևորն այն է, որ թալանը հասցվել է պատումի մակարդակի այնքան ու այնպես, որ 2018-ից առաջ տեղի ունեցած ամեն ինչ հասարակությանը ներկայացվել ու ներկայացվում է միայն այդ պրիզմայով՝ տպավորություն թողնելով, թե մինչև 2018-ը Հայաստանում չի եղել ոչինչ, բացի թալանից։ Աղքատ հասարակությունը հեշտությամբ ընդունում է այս խայծը, որովհետև այսօր էլ աղքատ է այնքան ու այնպես, ինչպես աղքատ է եղել այն ժամանակ։

Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ է Փաշինյանը հատիկ առ հատիկ սկսել ներկայացնել ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի պատմությունները՝ անպայման նշելով դրանց արժեքը։

Բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ այդպիսով նա փորձում է համահարթեցնել նախկին ու ներկա թալանները, որպեսզի քաղաքացիները հանկարծ չմտածեն, թե նախկին թալանն ընդհանուր էր ու ոչ հասցեական, իսկ այսօրվա թալանը մտնում է յուրաքանչյուրի գրպանը։

Այսօր քաղաքացին բառի բուն իմաստով թալանվում է գրեթե ամենօրյա ռեժիմով․ մեկ տարի առաջ Երևանում 13-15 անգամ թանկացավ կայանման վճարը՝ «կարմիր գծերի փողը»․ նախկին տարեկան 12.000 դրամի փոխարեն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար այսօր քաղաքացին վճարում է 160.000 դրամ (իսկ եթե վարորդը վճարում է ոչ թե միանվագ շատ-շատերի համար անհասանելի 160.000 դրամը, այլ յուրաքանչյուր ամիս՝ 18.000 դրամ, ապա տարեկան արժեքը կազմում է 216.000 դրամ)։

Հունվարի 1-ից առնվազն երեք անգամ թանկանալու է տրանսպորտի ուղեվարձը՝ միանվագ տարեկան աբոնեմենտ գնելու հնարավորություն չունեցողները վճարելու են ընդհուպ մինչև 300 դրամ՝ մեկ ուղղությամբ երթևեկելու համար։

Նույն հունվարի 1-ից կրկնակիից ավելի թանկանալու է նաև Երևանի Կենտրոնի բնակարանների գույքահարկը՝ հաջորդ տարվանից մարդիկ վճարելու են տասնյակ հազարներով ավելի, քան այսօր։

Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով, բազմաթիվ մասնագիտական ծառայություններ մատուցողներ (փաստաբաններ, հաշվապահներ և այլն) այսուհետ վճարելու են 6 անգամ ավելի հարկեր՝ գործող 5 տոկոսից այն հասցվել է մոտ 32 տոկոսի։

Այս շարքը կարելի է շարունակել։ Բայց բոլոր նշված և էլի բազմաթիվ օրինակներ վկայում են այն մասին, որ պետությունն «օրենքով» զբաղված է քաղաքացիներին թալանելով՝ բառի ամենաուղիղ իմաստով, որովհետև ներկայացված օրինակներից որևէ մեկում որևէ ողջամիտ հիմնավորում չկա։

Երևանի կենտրոնը մազաչափ անգամ չի բեռնաթափվել «կարմիր գծերի» գերթանկացումից, տրանսպորտի վիճակի բարելավմանը հավատում են միայն քաղաքային իշխանության՝ ծառայողական մեքենաներով երթևեկող պաշտոնյաները, իսկ թանկ գույքահարկը չի լուծելու որևէ խնդիր, բացի քաղաքային բյուջեն ավելացնելուց ու քաղաքային նույն իշխանությանն անիմաստ նոր ցուցադրական ծախսերի հնարավորություն տալուց։

Նախկին ու ներկա թալանների տարբերությունն այն է, որ, օրինակ, ապօրինի կերպով ձեռք բերված գույքն առանձին վերցրած պաշտոնյայի հանցագործություն է, որը խորամանկություններով, թղթաբանական աճպարարություններով վնաս է պատճառել պետությանը, որին էլ հիմա՝ հասարակության համար նույնքան անտեսանելի ճանապարհով, վերադարձվում է այն։

Այսինքն՝ թալանի այս տեսակը շատ ավելի ընդհանրական է, եթերային, դրանում չկա հասցեականություն, և քաղաքացին չի զգում դրա ուղիղ, ամենօրյա ազդեցությունն իր բյուջեի վրա։ Մինչդեռ ներկայիս «օրինական թալանն» առավել քան հասցեական է, վերաբերում է յուրաքանչյուրին և կատարվում է ամեն օր։

Ըստ ամենայնի, իշխանությունը հասկացել է, որ ինչ-որ պահի քաղաքացիները սեփական փողի ամենօրյա թալանի առարկայականությունը գերադասելու են ոսկյա զուգարանակոնքերով դղյակների տեսարաններ դիտելու վիրտուալ գայթակղությանը և հարցեր են ուղղելու իշխանությանը՝ նախկին թալանի միջոցով իրենց խաբելու ճանապարհով իշխանության գալու ու ամենօրյա ռեժիմով իրենց իսկ թալանելու առնչությամբ։

Եվ հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ է անում իրեն հարցեր ուղղել Ֆեյսբուքում՝ «Գնդակահարության պատի» տակ, որովհետև հասկանում է, որ այդ հարցերը, որքան էլ տհաճ, այդուհանդերձ մնալու են վիրտուալ հարթությունում։ Նրա խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի այդ հարցերը վիրտուալ տարածքից չտեղափոխվեն հրապարակ, որովհետև հրապարակում իր պատասխաններին կարող են արձագանքել ոչ թե ջղային «սմայլիկներով», այլ ջղայնության՝ ամենևին ոչ ծիծաղելի ու ոչ անշառ արտահայտչամիջոցներով։

Ի թիվս այդ ճանապարհների, Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել նաև այն դեպքում, երբ մի անտեսանելի միջոցով, մի քանի ժամ, առավել ևս՝ մի քանի օր մարդիկ «sign out» կլինեն իրենց օգտահաշիվներից և իշխանության հետ հաշիվները կպարզեն, ինչպես իրենք են սիրում ասել, գետնի վրա։

Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը՝ ընտանյոք հանդերձ, անում է անկարելին՝ հասարակությանն «on line» ռեժիմում պահելու համար։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին Փաշինյանի հայտարարություններն ավելի մեծ ոգևորություն են առաջացրել Ադրբեջանում, քան Թուրքիայում․ Տոնոյան Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված Հայաստանի ղեկավարությունն ինձնից նեղացած է, քանի որ Ադրբեջանին եմ աջակցել․ Լուկաշենկո Փաշինյանը կկործանի Հայաստանը. Լուկաշենկո Երբ Հայոց ցեղասպանության դատապարտումն իրական արտաքին օրակարգ էր, ՀՀ-ն գործոն էր, ոչ թե այսօրվա նման գործիք. Շարմազանով Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Audi-ն վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով․ Զառա Հովհաննիսյան Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանը Վանաձորին կապող ավտոբուսային երթուղին չի գործում․ Արմեն Հակոբյան Երևանում գողացել են «Range Rover», «BMW», «Mercedes» մեքենաների կողային հայելիները և գումար պահանջել Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am