Նիկոլ Փաշինյանը՝ տրանսպորտային ավանտյուրայի կնքահայր

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխում կոչվածն իսկական պատուհաս է դարձել երևանցիների համար։ Մարդիկ կրակն են ընկել «բարեփոխիչների» էլ, նրանց իրականացրած «բարեփոխումների» ձեռքն էլ։

Իբրև թե տրանսպորտ են «բարեփոխում»՝ ո՛չ տրանսպորտն է նորմալ աշխատում, ո՛չ մարդիկ կարողանում են նորմալ օգտվել, նույնիսկ չեն կարողանում նորմալ վճարել։

Տրանսպորտի համար վճարելը մղձավանջ է դարձել շատերի համար։
Երևանի քաղաքապետարանի խելոք գլուխներն այնպիսի պահանջներ են դրել, որ վճարելը վերածվել է իսկական գլխացավանքի։ Հարմարավետ դարձնելու փոխարեն՝ անհարմարություններ են ստեղծել։ Զարմանալի չէ, որ «բարեփոխված» տրանսպորտից բոլորը դժգոհ են՝ և՛ քաղաքապետարանն է դժգոհ, և՛ քաղաքացիներն են դժգոհ, և՛ վարորդներն են դժգոհ։

Քաղաքապետարանը դժգոհում է, որ քաղաքացիները չեն վճարում, որ վարորդները գողանում են, քաղաքացիները դժգոհում են, որ տրանսպորտ չկա, ժամանակին չի գալիս, ժամերով ստիպված են սպասել կանգառներում, հազիվ կարողանում են խցկվել, իրար գլխի լցված՝ մի կերպ տեղ են հասնում, վարորդները դժգոհում են, որ աշխատանքային պայմաններ չկան։ Բողոքում են աշխատաժամերից, անհարմարություններից, պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, հարկադրված քայլերի են դիմում։ Քաղաքային իշխանություններն էլ մարդկանց տարրական պահանջներին լուծում տալու մասին մտածելու փոխարեն՝ սպառնում են, ազատում են աշխատանքից։

«Բարեփոխված» տրանսպորտից դժգոհությունների պակաս չկա, բայց որոշել են թանկացնել, կրկնակի-եռակի բարձրացնել ուղեվարձը։ Պատճառաբանում են, որ փող չկա, չեն կարող փակել ծախսերը։ Ամեն ինչի համար փող կա, իսկ քաղաքացիների համար, ինչպես միշտ, չկա։ Չեն ուզում իրենց մի քիչ նեղություն տալ, քիչ շռայլել, ցոփ ու շվայտ չծախսել, «հերոս» հարկատուների գումարներից մի փոքր էլ նրանց բաժին հանել։

Տիգրան Ավինյանը կարող է իրեն թույլ տալ քաղաքային բյուջեի հաշվին 20 հազար դոլար վճարել բիզնես դասով Միացյալ Նահանգներ թռչելու համար, բայց քաղաքային տրանսպորտի ուղեվարձը, որից հարյուր-հազարավոր քաղաքացիներ են օգտվում ու հիմնականում ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիները, կրկնապատկում-եռապատկում են, որպեսզի քաղաքապետարանի բյուջեից փող չտան։

Քաղաքային տրանսպորտը «բարեփոխում-բարելավում» են, բայց տարեկան 42 մլն դրամ են վճարում, ավտոբուսներ են վարձում, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխեն աշխատանքի, բերեն տուն, որպեսզի չանցնեն հասարակական տրանսպորտի այն բոլոր անհարմարությունների միջով, որոնց միջով անցնում են հասարակ քաղաքացիները։

Ու դրա համար վճարում է «հերոս» հարկատուն։ Վճարում է, որպեսզի ոչ միայն Տիգրան Ավինյանը 20 հազար դոլարանոց բիզնես դասի ավիատոմսից օգտվի, 100 հազար դոլարանոց թանկարժեք ծառայողական մեքենա գնի, այլև քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում՝ տրանսպորտի վարչության աշխատակիցները, որոնց գործը քաղաքացիների համար հարմարավետ տրանսպորտային ծառայություններ ստեղծելու մեջ է, արտոնյալ պայմաններով երթևեկեն, ոչ թե սովորական քաղաքացիների նման՝ իրար գլխի լցված։

Դեռ չհաշված, որ տրանսպորտի վարչության պետին էլ ծառայողական մեքենա են տվել, որպեսզի հարկատուների հաշվին գնա գործի, գա տուն։

Խոսքն այն տրանսպորտի վարչության պետի մասին է, որի աշխատանքային օրը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասելով՝ պիտի սկսվեր ու ավարտվեր քաղաքային տրանսպորտի մեջ։

Վեց ու կես տարի իշխանության են, նոր հիշել են, որ տրանսպորտի վարչության պետը ծառայողական ավտոմեքենայով է երթևեկում և ոչ թե՝ իրենց «բարեփոխած հարմարավետ» քաղաքային տրանսպորտով։ Վեց ու կես տարի հետո Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տրանսպորտի վարչության պետն այսուհետ հավանաբար ծառայողական մեքենայի կարիք չի ունենա։

Իսկ քանի՞ այդպիսի «տրանսպորտի» վարչության պետեր կան քաղաքապետարանում, որոնք ծառայողական մեքենաներից են օգտվում, ու դրանց համար վճարում է քաղաքապետարանի բյուջեն։

Վերջին տվյալներով՝ քաղաքային իշխանության ենթակայության տակ 100-ին մոտ ծառայողական մեքենաներ կան։

Այդ մեքենաները պահելու ու սպասարկելու համար միլիոնավոր դրամներ են ծախսում, իսկ քաղաքային տրանսպորտը սուբսիդավորելու համար չեն ուզում վճարել։

Տիգրան Ավինյանն ասում է՝ իդեալական կլիներ, եթե քաղաքային տրանսպորտին ընդհանրապես սուբսիդիա չտային։ Հենց դրա համար էլ որոշել են թանկացնել ու ամբողջ բեռը դնել քաղաքացիների վրա, որպեսզի իրենց հաճույքների ու հարմարավետության համար ավելի շատ ազատ միջոցներ ունենան։

Հասարակական տրանսպորտի սուբսիդավորման համար, ասում են՝ փող չկա, փոխարենը՝ ինչի վրա ասես, փող են շռայլում։ Կարող են տասնյակ, հարյուրավոր միլիոններ տալ մի քանի երգ ձայնագրելու, համերգներ կազմակերպելու, երգիչներ վարձելու, վերանորոգված սենյակները կրկին վերանորոգելու, տեխնիկա գնելու, խելքներին փչած ծախսերն անելու համար։ Ու հիմնականում մեկ աղբյուրից գնումների միջոցով, որոնք հայտնի է, թե ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։

Միայն շուրջ 600 մլն դրամ են հատկացրել՝ ամանորին Երևանին տոնական տեսք տալու համար։

Կարող էին, չէ՞, մի քիչ ավելի համեստ գտնվել, իրենց այդքան շռայլություններ թույլ չտալ, հերոս հարկատուների վճարած փողերը խնայել, տնտեսել, մի փոքր էլ «հպարտ» քաղաքացիների հոգսերը թեթևացնել և ոչ թե 100 դրամի փոխարեն՝ տրանսպորտը 300 դրամ դարձնել։

Միասնական տոմսային համակարգ են ուզում կիրառել, տրանսպորտի ստվերային շրջանառություններն են ուզում բացահայտել, բայց չեն ուզում սպասել, տեսնել՝ ի՞նչ արդյունքներ կլինեն, ինչքա՞ն է պետք բարձրացնել ուղեվարձը, եթե ընդհանրապես պետք է։ Միանգամից բարձրացնում են, այն էլ՝ մինչև 3 անգամ։

Մինչդեռ՝ հարկավոր էր նախ լուծել տրանսպորտի նորմալ աշխատանքի, ստվերի բացահայտման, գումարների մուտքագրման, ծախսերի արդյունավետության բարձրացման, նաև, որ պակաս կարևոր չէ, մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի արդյունավետ կառավարման խնդիրները, որպեսզի ավելի շատ մարդ օգտվեր հասարակական տրանսպորտից։ Այդ դեպքում կարող էր և պարզվել, որ տրանսպորտը ոչ թե թանկացման, այլ գուցե էժանացման տեղ ունի։ Բայց չեն ուզում մտածել, ձևեր գտնել։ Ինչպես միշտ, մի ճանապարհ գիտեն՝ ինչքան հնարավոր է թանկացնել ու ժողովրդին գցել կրակը։

Ավտոկայանատեղիներն էլ թանկացրեցին, արդյունքը ո՞րն է։ Մայրաքաղաքը բեռնաթափելու փոխարեն՝ քաղաքացիների գրպանները բեռնաթափեցին։ Հարյուրավոր միլիոնների հավելյալ եկամուտներ ստացան, թող բարի լինեն ուղղեն տրանսպորտի ուղեվարձի սուբսիդավորմանը։ Գոնե քաղաքացիների հաշվին՝ քաղաքացիների հոգսերը թեթևացնեն, դա էլ չեն անում։ Ինչքան կարողանում են, ճնշում են, մտնում քաղաքացիների, առանց այն էլ՝ կիսադատարկ գրպանները, իրենցը լցնելու համար։

Եվ այս ամենի հետևում բոլորովին էլ միայն քաղաքային իշխանությունն ու Տիգրան Ավինյանը չեն կանգնած։ Ամբողջ քաղաքական իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իշխանության մեջ բոլոր հարցերը մեկ մարդ է լուծում, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Նա էլ անձամբ կանգնած է տրանսպորտը թանկացնելու, քաղաքացիների բեռը կրկնակի-եռակի ավելացնելու այս ամբողջ ավանտյուրայի գլխին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 1034 անգամ
Լրահոս
Դատարանը հօգուտ ԶՊՄԿ-ի 4 վճիռ է կայացրել՝ 4 տարբեր գործերով․ ԶԼՄ-ի հրապարակած նյութերը իրականությանը չեն համապատասխանում ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար ռիսկային է. ֆիննախ Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային․ Բաբայան #ՈՒՂԻՂ․ Սպասեք․ Հունվարի 17-ը ճակատագրական է․ Հայկ Նահապետյան (video) Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ Զելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արել Նավթը աննախադեպ թանկացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել է Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով․ 168.am Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը. Ջոն Ինյարիտու Տղամարդը uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու հարկայինին. ումի՞ց թուղթ վերցնեմ.Ոսկու շուկայի աշխատակից #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Նիկոլը հանձնում Արմավիրը․ Էդգար Էլբակյան (video) Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր «Հարկը 5 տոկոսից դարձրել են 10 տոկոս». Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Հունվարի 13-ը Երևանում առանց գլխավոր տոնածառի Լուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել Որսի ժամանակ համագյուղացու անզգույշ կրակոցից Աչաջրի բնակիչը վիրավորվել, հիվանդանոցում մահացել է. Լրագրող Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am