Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտահայտություն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակված չէ: Ըստ որում, հաճախ այդ արտահայտությունը ուղեկցվում է հորդորներով, որ պետք է այս անել, այն անել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ հարցը փակված չէ: Հարկավ, չենք վիճի կամ վիճարկի. պետք է շարունակաբար գործել, ակտիվ լինել, ամեն առիթով, տո՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարավոր ներքին ու արտաքին հարթակներում: Ինքնին հասկանալի է, որ այսպես ասված՝ «օրվա իշխանությունը» դա չի անելու և չի անում:

 

«Օրվա իշխանությունը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի, բացարձակապես համամիտ է Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիևի և Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակված է: Չկա հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկա նաև Արցախի հարց: Բայց հայությունը՝ թե՛ իր հավաքականությամբ, թե՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառույցներով, գերազանցապես այդպես չի կարծում:

 

Այդպես կարծում են բացառապես փաշինյանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինյանական իշխանության շահառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով: Բայց խոսքը նրանց մասին չէ: Իսկ խոսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթե չասվի՝ ուղիղ շառավիղն է: Ու, որպես այդպիսին, այդ հարցը կարող է «փակված» համարվել կա՛մ լուծում ստանալուց հետո, կա՛մ այն բանից հետո, երբ «Հայկական հարցն» էլ փակվի, այսինքն՝ ինչին ձգտում են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակված չէ, ուրեմն՝ փակված չէ նաև Արցախի հարցը: «Արցախի հարց» ասվածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանության հետևանք է:

 

Ավելին, բուն Արցախի տարածքում ևս 20-րդ դարի առաջին կեսում, կոնկրետ՝ 1920 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «Շուշիի ջարդեր» եզրույթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացված ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորվեց: Վստահ ենք, որ շատերն են ծանոթ պատմական իրադարձությունների հիմնական դրվագներին ու դեպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապես հիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասվածը ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամյակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակված համարել, ինչպես «փակված» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպես չէր և այդպես չէ: Խորհրդային Միության պայմաններում էլ հարցը պարզապես «քնեցված» էր, թեպետ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն:

 

Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքվեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանության՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու հաղթել (քավ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 14-15 տարեկան էր...): Լավ, իսկ, մեծ հաշվով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացված բովանդակությունը: Եթե շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգության՝ սեփական բազմահազարամյա բնօրրանում, սեփական հողի վրա, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքն է խլված միլիոնավոր հայերից՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իրավունքը խլվել ու խլվում է Արցախի հայությունից՝ արդեն մեր օրերում, ինչպես ասվում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ:

 

Փոխվել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նույնն է, ի դեպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրույթում՝ ժողովուրդները կա՛մ պաշտպանում են ու տեր են կանգնում իրենց իրավունքներին, կա՛մ վերանում, կորչում-անհետանում են պատմության ասպարեզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կա՛մ պետք է ուժերի գերլարումով կարողանա լուծել իր հարցը, տիրանալ իր իրավունքներին, կա՛մ համակերպվի վերանալուն, կորչել-անհետանալուն՝ իր ամեն ինչով: Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում:

 

Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց: Նմանապես պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստվողական վերաբերմունքը, որ դրսևորվում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ հնարավորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաև Հայաստանից: Պատահական չեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայության հասցեին ներքին թշնամանք ու ատելություն սերմանելու դրսևորումները:

 

Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց... նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը: Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Բնակարաններ, առանձնատուն, կայանատեղի, 19․5 մլն եկամուտ․ Սարգիս Խանդանյանի և ծնողների ունեցվածքը Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին Ինչո՞ւ է ավտովթարից զոհված գյումրեցի ընտանիքի դեպքով վարույթ քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում, ի՞նչ կապ ունեն Մուշի բաժնի ոստիկանները Շուկան շարունակում է տաքանալ. Կենտրոնական բանկը խստացնում է բանկերին ներկայացվող պահանջները Թրամփը զանգահարել է Արամ Ա-ին Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան Մարդկանց խաբում են` թանկացնում ու իրենց խոստացածը չեն իրականացնում (տեսանյութ) Տարեկան ավելի քան 25 մլն դոլար տակով են անում Դանակի հարվածից վիրավորում ստացած 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում․ հասցեներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ե՞րբ տանը կլինեք ամանօրյա տոներին 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ Սպանություն Մեղրաշենում. ոստիկանությունը հսկողություն է սահմանել Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում ծանր վիրուսով են վարակվել Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները վատ հունգարերեն իմանալու պատճառով ծեծկռտուքի մեջ են ընկել. փաստաբան Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին Աշակերտուհիները ծեծել են 12-ամյա աղջկան, սպառնացել էլեկտրաշոկով ու ստիպել ծնկի գալ. ՌԴ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի սահմանին Ուկրաինայի կենդանի ուժի և զինտեխնիկայի ոչնչացման մասին Բելառուսներն ապրում են դրախտում. Լուկաշենկո Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգվել են Թուրքիայում 2024թ. 1-ին կեսին օտարերկյա ներդրումները կազմել են 5․5 մլրդ դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am