Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը կարգապահական պատասխանատվութայն չենթարկվեց։
Հիշեցնենք, որ դատավոր Արթուր Ադամյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ փաստաբան Արման Թամրազյանի հաղորդման հիման վրա։
Ըստ միջնորդության՝ դատավորը, քաջ տեղյակ լինելով, որ ամբաստանյալի պաշտպանը իր ուսանողական տարիների ընկերն է, ում հետ ունեն ջերմ ընկերական հարաբերություններ, այցելում են միմյանց տուն, անգամ՝ փաստված հանգամանք է, որ միմյանցից նվերներ են ընդունել, այնուամենայնիվ, բացարկ չի հայտնել և շուրջ մեկ տարի գործի քննությունից հետո բացարկ է հայտնել՝ փաստաբանի միջնորդության հիման վրա։ Բացի այդ, քրեական գործ էր հարուցվել, քանի որ դատավորը այդ փաստաբանից նվեր է ստացել տնական քաշած կոնյակ, գործը հետագայում կարճվել է, բայց այդ փաստը բացահայտվել է, դատավորն էլ՝ ստիպված է եղել բացարկ հայտնել։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ դատավորը պետք է բացարկ հայտներ՝ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում, իսկ դատավորի կողմից խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։
ԲԴԽ-ն այսօր հրապարակեց որոշումը՝ մերժելով Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը։ ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը դեմ է քվեարկել և ունի հատուկ կարծիք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո