Կշնորհավորի՞ արդյոք Փաշինյանն իրեն ընտրած տրանսգենդերին․ մի «գեղեցկուհու» պատմություն
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս տարի, դեկտեմբերին Բրազիլիայում մասնակցելու է «Miss Star International» տրանս գեղեցկության միջազգային մրցույթին։
Մրցույթի կանոների համաձայն, մասնակիցները ներկայանում են սպորտային հագուստով, երեկոյան զգեստով, ինչպես նաև լողազգեստով, որից հետո նոր որոշվում է հաղթող մասնակիցը։
Տրանսգենդերի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա ՀՀ գործող իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։
Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի հայտնի լուսանկարը՝ ձեռքը կապած, վրան՝ ենթադրյալ արյունը սրտիկի տեսքով։
Ավելին, տրանսգենդերը Փաշինյանին աջակցել է նաև 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Դիանա Ղզրոյանը 2021 թվականի հունիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Ապագա կա՛, ապագա»։
Բացի այս՝ տրանդգենդերն այլ գրառումներ ևս ունի, որտեղ իր աջակցությունն է արտահայտում առ Փաշինյան։
«Լիարժեք սատարում եմ ՀՀ միակ լեգիտիմ առաջնորդին...»։
Արդեն ընտրության արդյունքները պարզ դառնալուց հետո, Դիանան շտապել է շնորհավորել վարչապետ Փաշինյանին։
Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնում է նաև ընդդիմությանը և վիրավորական արտահայտություններ գրում նրանց հասեցին։ Մասնավորապես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի մասին սույն անձը վիրավորական գրառումներ է կատարել։
Նշենք նաև, որ տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի ֆեյսբուքյան ընկերներից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ջատագովներից է, ինչի պատճառով էլ հանրության կողմից արժանացել է «թրքասեր» պիտակին։
Ի դեպ, Դիանա Ղզրոյանը ևս եղել է Թուրքիայում, ավելին՝ լուսանկարվել Ստամբուլի փողոցներից մեկում, որտեղ երևում է Թուրքիայի դրոշը։
Վերադառնալով մրցույթին։ Հետաքրքիր է, եթե Դիանա Ղզրոյանը հաղթի նշված մրցույթում, արդյոք վարչապետը կշնորհավորի՞ իր հավատարիմ աջակցին, ընտրողին, ինչպես նա էր շտապել շնորհավորել Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել էր այս թեմային։ Անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող, ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորվող «Մել» ֆիլմի և դրա վերաբերյալ հանրության արձագանքներին, Փաշինյանը հայտարարել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։
«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է։
Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած՝ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էդպիսին է ստեղծել... Կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էդպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք»,- ասել էր Փաշինյանը։