Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։
Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։
Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով մոտեցան ու իրար հետ զրուցում ասում էին, որ էսինչ արեցին, դարձան վթարի պատճառ, իրենց մեղքով «Opel»-ը խփեց «ցեմենտավոզին»։ Երբ նրանք տեսան, որ պարեկային ավտոմեքենաները մոտենում են, իրենց ավտոմեքենայով հեռացան»։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին․ «Էս Արարատյան փողոցը մի իսկական պատուհաս է դարձել թե՛ բնակիչների, թե՛ հետիոտների համար։ Ամեն օր էստեղ արհեստական խցանումներ են տեղի ունենում ու դրա հիմնական մեղավորները այս փողոցում գտնվող «Ապավեն» ընկերության աշխատակիցներն են, որոնց բեռնատարների վարորդները ժամերով կարող են արհեստական խցանումներ ստեղծեն, քանի որ իրենց մի քանի մետր երկարությամբ ավտոմեքենաները եթե փորձում են մտնեն «Ապավեն»-ի տարածք, ապա ամեն մեքենայի համար 10-15 րոպե է պահանջվում։ Էլ չենք ասում, որ եթե Աստված մի արասցե վթար է տեղի ունենում, ինչ հաճախակի է լինում, ապա էդ բեռնատարները երբեմն մի քանի ժամ մնում են փողոցի մեջտեղում, ինչի պատճառով էլ խցանում է տեղի ունենում և երթևեկությունը դառնում է դժվարանցանելի։ Սրա դեմը պետք է պատկան մարմինները առնեն, հակառակ դեպքում ամեն օր ականատես ենք լինում վթարների ու խցանումների։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կանչով շտապօգնություն է ժամանել, բժիշկները մնացել են այդ բեռնատարների ստեղծած արհեստական խցանման մեջ ու ստիպված ոտքով են մոտեցել բուժառուին»։