Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությանն ու ընդգծել․ «Հայաստանում իրավունքը շնչահեղձ է լինում»։
«Տեսնես աշխարհում կա՞ նման նախադեպ, որ առաջին ատյանի դատարանում դատվի Սահմանադրական դատարանի գործող դատավորը։
Ի դեպ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որն, իհարկե, դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով։
Հայաստանում իրավունքն, ավելի ճիշտ՝ իրավական երկիրը, ծանր, շնչահեղձ օրեր է ապրում, որը հետո, «Ինչպես չի կարելի» գլխի տակ, քննարկվելու և իբրև հակաիրավական և հակապետական վարք՝ տեղ է գտնելու Իրավաբանության դասագրքերում։
Եվ որքա՜ն հանրային ռեսուրս է վատնվում, մսխվում երկրի կառավարման բոլոր ոլորտներում տիրող քաոսի, ոչ պրոֆեսիոնալիզմի, քաղաքական ստորագույն պատվերներ իրացնելու պատճառով։
Ո՜չ մի, բացարձակապես՝ ո՜չ մի ոլորտում չկա պատասխանատվություն, որակ, կամք, գրագիտություն, ինստիտուցիոնալ հիշողություն, բարոյականություն, մասնագիտական բարեվարքություն։
Էս համատարած ատելության, անբարոյականության ու ցինիզմի վակխանալիայում երկիրը շնչահեղձ է լինում, մարդիկ մոլորված են, անտեր, անպաշտպան․․․
Ու գնում են նաև, որովհետև էս մթնոլորտում ապրել չի լինում․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Գալստյանը։