ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան
Ադրբեջանական բանակը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները՝ հղում անելով X սոցցանցում տեղադրված կադրերին։
Նշվում է, որ TATRA T815 8x8 հարթակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը հասել է Ադրբեջան։ Զինատեսակը հագեցված է կրակի կառավարման լրիվ ավտոմատ համակարգով։ Այս հաուբիցների անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Այս մոդելի կրակային հզորությունն ու մանևրելու ունակությունն ավելի բարձր են, քան նախորդ տարբերակներում:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ սլովակյան հրապարակումներից մեկը հայտնել էր, որ Ադրբեջանն այս երկրից գնել է 70 DITA L-45 միավոր։