ՔՊԿ-ն թանկացնում է տրանսպորտը, «Մայր Հայաստանը» դեմ է թանկացմանը․ Մանուկ Սուքիասյան
Բոլոր ոլորտները ձախողած ՔՊԿ-ն հիմա էլ ուզում է թանկացնել տրանսպորտի սակագինը։ Այս մասին Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նշենք, որ ՔՊԿ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
«Քաղաքային տրանսպորտի սակագինը թանկացնելը թալանի դասական օրինակ է»,-ընդգծել է Մանուկ Սուքիասյանը։
Նա տեղեկացրել է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգ «Մայր Հայաստան» խմբակցությունը բերել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը պետք է լինի անվճար։
Հիշեցնենք, որ մինչ այս «Մայր Հայաստանն» ակցիաներ է իրականացրել Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։