ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայցն ընդդեմ Ավետիք Իշխանյանի մերժվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, մերժել է ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Զարուհի Նախշքարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն իրավապաշտպանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել իբրև զրպարտություն համարվող հայտարարությունը և փոխհատուցում՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Հայցադիմումը վերաբերում է իրավապաշտպանի՝ 2023թ․ հուլիսի 27-ի ֆեյսբուքյան գրառումը՝ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ։
«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»,- գրել էր իրավապաշտպանը։
Դատարանը մերժել է Տրդատ Սարգսյանի հայցը՝ արձանագրելով, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ նրանց են մեղադրում սուտ մատնության մեջ, գործը դատարանում է։ Արա Մխիթարյանի դաժան ծեծի դրվագով քրեական գործով երկու անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ առանձնացված մասով՝ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ, մեղադրական դատավճիռ է կայացվել։ 2023թ․ հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Ամիսներ անց՝ 2024թ․ փետրվար ամսին, Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Գրիգորյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը մեկանել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը։