Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին. Դավիթ Տոնոյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով

168.am-ը գրում է.


Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Սա Օնիկ Գասպարյանը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում։

Իսկ 2023 թվականի հունիսի 28-ի իր արձագանք-հայտարարության մեջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նա առաջարկել էր՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն:

Նշված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստին, մասնավորապես, զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին:

«Իմ զեկույցում նշել եմ, որ, ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների, արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար, մենք չունեինք:

…Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղեկացված էր հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին:

Վերջերս այս մասին խոսել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ասելով. «Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին են Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել…»:

Իսկ պատերազմից հետո այս մասին խոստովանել է թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը շատ լավ իմացել է, որ պատերազմ է սկսվելու, և Թուրքիան էլ դրանում կարևոր դեր է ունենալու:

Այս համատեքստում բավական է հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

2020 թվականի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և այն հաշվի առնելու մասին 2023 թվականի օգոստոսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի՝ 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու հաշվարկների համատեքստում:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Այդ ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am