Երբ իզուր հարց չեն տալիս` սուտ պատասխան չե՜ն ստանում
Պարույր Սևակն ասում էր՝ որ երբ իզուր հարց չեն տալիս` սուտ պատասխան չե՜ն ստանում: Իսկ մենք լրագրողներս՝ ոտից գլուխ սուտ այս իշխանության առաջ հարց ենք բարձրացնում։ Հարց ենք տալիս, բայց գիտենք, որ իզու՜ր ենք հարց տալիս, որովհետև սուտ պատասխան ենք ստանալու, լավագույն դեպքում լսելու ենք, որ դա պետական գաղտնիք է ու բարձրաձայնել չի կարելի։
Հայրենիքը մաս- մաս, փեշի տակ թաքցնելով հանձնելու մեջ ի՜նչ պետական գաղտնիք։ Այնպիսի վիճակի մեջ ենք հայտնվել, որ սուտ իշխանությունը տարածվել, արմատներ է տվել, ոնց որ կասեր բժիշկը՝ ախտահարվել է ողջ օրգանիզմը։ Փորձի՜ր սահմանամերձ որևէ շրջանից տեղեկություն իմացիր․ մահացու՜ է։
Բոլոր ղեկավարներն իշխանության բջիջներն են, պետական լծակները վերցրել ու լռու՜մ են։ Երբ Իշխանասարում ադրբեջանական դրոշ էին տնկել, Իշխանասարի գյուղապետն ասում էր՝ ախպորս արև, տենց բան չկա։
Սև Լիճը շրջափակեցին, մեկը չկար, որ մի ստույգ տվյալ տար։ Ասում էին՝ մի փոքրիկ հատվածում ՝է թշնամին կուչ եկել։ Ջերմուկում ասացին՝ իբր թշնամին շրջափակման մեջ ընկել․․․ Մաս- մաս հանձնում են։ Հիմա էլ խոսում են, որ Սիսիանի խոշորացված համայնքից զորքը հետ է քաշվում, մի ,, կենդանի, մաքուր պաշտոնյա չկա,,, որից մի բան իմանաս։ Բոլորը հանձնելու ցավով ախտահարված են։
Այնպիսի մարդիկ են նշանակվել, որ անծպտուն, անշշուկ իրենց գործն անեն։ Ասես այդ հողը տարածքը իրենցը չլինի։ Որ հանկարծ զրույցը հասնի պաշտոնական մարմնին, այնպես կստեն, որ դու սու՜ս․․․ Կասեն՝ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, խանգարում են խաղաղության գործընթացին։
Կասեն՝ սպասեք, վաղը ,,շոշի վրա,, երկուսով, առանց վկաների Քըլըչն ու Ռուբինյանը կհանդիպեն ու ամեն ինչ տեղը կընկնի։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»