«Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի՝ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը խնդրահարույց է թվում, քանի որ «Հայք» գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, սակայն իրավական պետության պատմության դասավանդման գործընթացքում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը։
«Պատմության ուսուցանումը առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ ՀՀ դիրքերից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այս իմաստով մենք կկարողանանք սովորողների համար շատ ավելի տեսանելի ու համակարգային ներկայացնել պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը, դրա հիմքով արդեն սովորողը կտեսնի պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների և գործընթացների արդյունք։
Առարկան անվանելով տվյալ երկրի անվանումով՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով արկայի պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը՝ պատմությունը ներկայացնելով այդ երկրի իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն: խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության մասին, այլ առարկայի բովանդակության ներկայացման փոխության մասին։
Շեշտադրվելու է պետականության վերականգնմանը, արժեվորմանը և պահպանմանը վերաբերող հարցերը, պատմական իրադարձությունները։ Նորովի վերագնահատվելու են պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել»։